Իրանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, հյուպատոսական հարցերի և իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ, հայտնում է Mehr-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել իրանա-բրիտանական հարաբերությունների տարբեր ասպեկտների, այդ թվում՝ հյուպատոսական հարցերի շուրջ և ընդգծել տարբեր մակարդակներում խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ փոխըմբռնման ամրապնդման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման նպատակով:

Արաղչին քննադատել է Իրանի միջուկային հիմնախնդրի նկատմամբ եվրոպական երեք երկրների անպատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ Իրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից կամ երկխոսությունից, որը հիմնված է իրանցի ժողովրդի օրինական իրավունքների և օրինական շահերի հարգման վրա:

Նա նաև ընդգծել է, որ Իրանը կտրականապես դեմ է այն բանակցություններին, որոնք համարժեք են միակողմանի պարտադրմանը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին վերահաստատել է Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման հարցում դիվանագիտության կիրառման անհրաժեշտության վերաբերյալ Միացյալ Թագավորության դիրքորոշումը։

Leave a Comment