«The Wall Street Journal»-ը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման հինգ հիմնական խոչընդոտ է նշել

Տարածքային հարցերը, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը, Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակը և Զապորոժյեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունն այն հիմնական կետերն են, որոնց շուրջ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության չեն գալիս։ Դրանցից մեկը կամ մի քանիսը կարող են խոչընդոտ դառնալ խաղաղության համաձայնագրի համար, գրել է «The Wall Street Journal»-ը դեկտեմբերի 19-ին։

Ռուսաստանը պնդում է, որ ուկրաինական զորքերը պետք է դուրսբերվեն Դոնբասից, Միացյալ Նահանգները նույնն է սպասում Կիևից։ Սակայն պարբերականը նշում է, որ Ուկրաինան հրաժարվում է ցանկացած զիջումից։ Ուկրաինան չի պատրաստվում նաև հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ճանապարհից, չնայած Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ երկիրը միանա դաշինքին և խոչընդոտում է դրան։

Անորոշություն կա նաև խաղաղ ժամանակներում Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ։ ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրի սկզբնական տարբերակը նախատեսում էր զինվորականների 600,000 թվաքանակ, սակայն Կիևը և եվրոպացի առաջնորդները պնդում են 800,000-ի վրա: WSJ-ն նշում է, որ ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ռուսական կողմը դեռևս չեն մեկնաբանել Ուկրաինայի պահանջը։

Մեկ այլ վիճելի կետ է մնում ռուսաց լեզվի կարգավիճակը Ուկրաինայում: Ռուսաստանը կարծում է, որ Կիևի իշխանությունները պետք է դրան պաշտոնական կարգավիճակ տրամադրեն, ինչը ներառված էր ԱՄՆ խաղաղության ծրագրի սկզբնական տարբերակում: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստակամություն չի դրսևորում դադարեցնել երկրում ռուսաց լեզվի, ռուսալեզու լրատվամիջոցների և ռուսական մշակութային ժառանգության նկատմամբ խտրական քաղաքականությունը։

Ուկրաինական կարգավորման վերջին խոչընդոտը Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունն է, քանի որ ԱՄՆ-ի առաջարկը՝ վերահսկողությունը Մոսկվայի և Կիևի միջև բաժանելու մասին, Ուկրաինան համարում է «անարդար»: Զելենսկին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի ապառազմականացման և դրա վերանորոգման ֆինանսավորման մեխանիզմները թերի են մշակված, հիշեցրել է թերթը։

Leave a Comment