Շատ եմ կարոտել մրցագորգը: Չեմ բացառում, որ մի օր որոշեմ եւ ուզեմ նորից փորձել ուժերս ըմշամարտում: Այդ միտքն իմ գլխում է եւ ինձ հանգիստ չի տալիս, հատկապես, որ Լոջ Անջելես-2028-ը սարերի հետեւում չի: Եթե որոշեմ վերադառնալ, ուրեմն պետք է իմ արդյունքներով գերազանցեմ նախկին Միհրանին: Պատրաստ եմ Հայաստանի առաջնությունում կամ ցանկացած մրցաշարում արդար մրցել ուժեղագույնների հետ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, խառը մենամարտերում հանդես եկող Միհրան Հարությունյանը:
«Հունվարի 31-ին հերթական մենամարտս կանցկացնեմ ММА-ում, որը կլինի վերադարձի մենամարտ: Այս փուլում ես շատ լավ մարզավիճակում եմ գտնվում, նաեւ հոգեպես շատ մոտիվացված եմ եւ մեծ ցանկություն ունեմ շարունակել մենամարտել, քանի որ սպորտի սիրահարը երբեք չի կարող սպորտից հեռանալ: Վերադարձել եմ ավելի մեծ ուժով, ոգեշնչված եւ նոր ու մեծ նպատակներով»,-ասել է Միհրան Հարությունյանը: