19 դեկտեմբերի 2025 – 12:26 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 18-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն Միջին Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահի պաշտոնակատար, Հայկազյան համալսարանի նախագահ՝ վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթյանի հետ քննարկել է «Հայաստանում ստեղծված կացությունը», հայտնում է կաթողիկոսությունը։
Անդրադարձ է եղել միջեկեղեցական հարաբերությունների զարգացումներին, ինչպես նաև Լիբանանի հետ առնչվող տարբեր հարցերի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։
«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։