Առաջարկվում է փոփոխություններ կատարել սնանկ ճանաչվելու գործընթացում

Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ներկայացրել սնանկության նոր օրենսգրքի նախագիծը։ Այս մասին հայտնել է Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

«Տարիներ շարունակ սնանկությունը օգտագործվում է որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու, գույքը փոշիացնելու և կենսունակ բիզնեսները լուծարման տանելու նպատակով։ Այս մոտեցումը վնասում է տնտեսությանը, բարեխիղճ կազմակերպություններին և քաղաքացիներին»,- նշել է Դադունցը։

Նախագծով առաջարկվում է սնանկ ճանաչվելու պարտքի շեմի բարձրացում։ Դատարանը ստուգելու է պարտապանի ֆինանսական վիճակը, գործարքները, գույքի օտարումները և անբարեխիղճ վարքագծի դեպքում պարտքից ազատում չի լինելու։ Այլևս հնարավոր չի լինելու սնանկ ճանաչվել դատական կարգով չհաստատված պարտքի հիման վրա։

Նախարարի տեղակալը հավելել է, որ,-«Ներդրվում է նոր գործիք, որը թույլ կտա իրականում դժվար իրավիճակում գտնվող պարտապաններին ժամանակավորապես շնչել, վերակառուցել պարտքերը և խուսափել սնանկությունից։ Նախատեսվում է կենսունակ բիզնեսի վաճառքի նոր մեխանիզմ, որը թույլ է տալիս առավել արդյունավետ մարել պարտատերերի պահանջները։ Պարտապանի գույքը իրացվելու է էլեկտրոնային աճուրների միջոցով։ Վարույթը առավելագույնս թվայնացվում է նվազեցնելով ծախսերը և արագացնելով ընթացակարգերը»։

Leave a Comment