ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժյեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար, սակայն Ուկրաինան դա անարդար է համարում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագրի չկարգավորված հարցերից մեկը մնում է Զապորոժիեի ատոմակայանը (ԶԱԷԿ)։

«ԱՄՆ-ն առաջարկել է փոխզիջման գնալ․ կայանը ինչ-որ կերպ պետք է գոյություն ունենա, աշխատի և ինչ-որ համամասնություններով բաժանվի երեքի միջև։ Ես նրանց ասացի, երկար բանավիճեցի այդ թեմայով, որ դա անարդար եմ համարում», – ասել է Զելենսկին, հայտնում է «Գրոմադսկե»-ն։

Ռուսաստանը բռնազավթել է կայանը 2022 թվականի գարնանը։

Նոյեմբերի վերջին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Զապորոժյեի ատոմակայանը կարիք կունենա «հատուկ կարգավիճակի», եթե պատերազմը դադարեցնելու համաձայնության հասնի։

Այն փաստաթղթում, որն արևմտյան լրատվամիջոցներն անվանում են պատերազմի ավարտի մասին ԱՄՆ-ի կողմից մշակված և 28 կետից բաղկացած ծրագրի սկզբնական տարբերակ, ասվում է, որ ԶԱԷԿ-ի գործարկումն իրականացվելու է ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) վերահսկողության ներքո, իսկ արտադրվող էլեկտրաէներգիան հավասարաչափ բաշխվելու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Leave a Comment