Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Իսպանիայի և Ամերիկայի գավաթի գործող գավաթակիր Արգենտինայի հավաքականների միջև սպասվող մրցավեճը՝ «Ֆինալիսիման», տեղի կունենա 2026 թվականի մարտի 27-ին Կատարում։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կհյուրընկալի «Լուսաիլ» մարզադաշտը, որտեղ ժամանակին անցկացվել են 2022 թվականի աշխարհի առաջնության հանդիպումները։
«Ֆինալիսիման մեկտեղում է մայրցամաքային երկու չեմպիոններին համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկում՝ ընդգծելով մարզաձևի գլոբալ ընդգրկումն ու կոնֆեդերացիաների միջև առկա ամուր կապերը: Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ անմոռանալի երեկոյին», — նշել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) ղեկավար Ալեխանդրո Դոմինգեսն իր հերթին հավելել է.
«Սա ավելին է, քան պարզապես մրցակցություն. սա կոնֆեդերացիաների միջև համագործակցության և հարգանքի խորհրդանիշ է, ինչպես նաև հիանալի հնարավորություն երկրպագուների համար՝ վայելելու պատմական իրադարձությունը»:
Հիշեցնենք, որ «Ֆինալիսիմայի» գործող գավաթակիրը Արգենտինայի հավաքականն է։ 2022 թվականին Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 3:0 հաշվով ջախջախեց Իտալիայի ընտրանուն։