Այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում երեկոյան ժամերգությունն անցել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի աջակիցների ու նրա հրաժարականի կողմնակիցների «վեհափառ» եւ «հեռացիր» գոչյունների ներքո։
Երեկոյան ժամերգությունից հետո Գարեգին Բ կաթողիկոսը նշել է, որ Սուրբ Էջմիածնի առջեւ «ոտնձգության» հերթական փորձն է կատարվել «նաեւ մեր որոշ եկեղեցականների միջոցով»։

«Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր եկեղեցու պայծառության եւ մեր երկրի շինությանը»,- ասել է նա։
Այս նույն պահին Մայր տաճարին կից հրապարակում կաթողիկոսի հրաժարականի կոչով են հանդես եկել 10 եպիսկոպոսները։
Նրանք նշել են, որ համապատասխան պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։

«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգեւոր դասի ամրապնդման եւ պայծառության համար»,- նշել են նրանք։
Այս իրադարձություններից քիչ առաջ պարզվել է, որ Գարեգին Բ կաթողիկոսը փոփոխություն է կատարել Գերագույն հոգեւոր խորհրդի կազմում։ Ըստ Մայր աթոռի՝ փոփոխություններ տեղի են ունեցել «նաեւ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները եւ ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը»։
Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջած եպիսկոպոսներն իրենց հերթին հայտարարել են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը Գերագույն հոգեւոր խորհրդի մի շարք անդամների դեկտեմբերի 15-ին տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է խորհրդի կազմում նրանց լիազորությունները՝ չնշելով այդ որոշման հիմքերը եւ պատճառները։