Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած վարչապետին միացած եպիսկոպոսների հայտարարած հավաքին ընդառաջ:
ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը լրագրողների հարցին, թե որն է այսքան շատ ոստիկանների ներկայության պատճառը, հնարավո՞ր են բախումներ, միայն արձագանքեց, որ անհրաժեշտություն լինելու դեպքում ներկա են լինում:
Այլ հարցերի խոստացավ հետո պատասխանել:
Նախօրեին Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ դիմել էին ժողովրդին՝ դեկտեմբերի 18-ին հրավիրելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածին։ Ավելի ուշ Արագածոտնի թեմը հայտնել էր, որ Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռում:
ՆԳՆ-ն այսօր հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո սոցցանցերում և հանրային հարթակներում հայտնվել են սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ։ Նախարարությունը հորդորել է զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Մայր Աթոռը իր խորը մտահոգությունն է հայտնել եպիսկոպոսների հայտարարության պատճառով, զգաստության կոչ ուղղել «վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին»։