Իրավապահները կչեզոքացնեն սադրիչներին. Փաշինյանը բացառել է Էջմիածնում բախումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է դեկտեմբերի 18-ին Էջմիածնի մայր տաճարի տարածքում հավատացյալների հավաքի ժամանակ բախումները՝ հայտարարելով, որ իրավապահները կօգտագործեն ողջ գործիքակազմը՝ սադրիչներին չեզոքացնելու համար։ Նա այս մասին խոսել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետի խոսքով Մայր Աթոռը պետք է պաշտպանել «Կտրիճ Ներսիսյանից (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ) և Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից»։

«Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են և եղծում են ՀԱՍԵ դավանանքը»,- նշել է նա։

Փաշինյանը պարզաբանել է, որ թեև չի ուղղորդում 10 եպիսկոպոսների քայլերը, սակայն ողջունում է դրանք, քանի որ Մայր Աթոռում հավաքվելու նրանց կոչը հավատացյալներին լեգիտիմ է։ Նրանք Էջմիածնի վանական համալիրինն են, իսկ համալիրն՝ իրենցը, նշել է նա։

«Տեսա, որ որոշակի հարցադրումներ են անում՝ ինչն է կապում ինձ 10 եպիսկոպոսների հետ։ Միայն և միայն օրակարգը՝ հայ եկեղեցին նորոգելու։ Մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգն անհնար է իրականացնել առանց Մայր Աթոռից Ներսիսյանի հեռացման։ Ներսիսյանի որևէ որոշում ՀՀ-ն չի ընդունելու, քանի որ նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է»,- շեշտել է նա։ 

Եկեղեցու 10 եպիսկոպոս, ովքեր նոյեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրաժարական ներկայացնել, դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ: Նրանք կոչ էին արել միանալ իրենց դեկտեմբերի 18-ին Էջմիածնում և պահանջել Գարեգին Երկրորդի հրաժարականը:

Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ էր հանդես եկել Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:

Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո մի շարք քաղաքացիներ, քաղաքական գործիչներ ևս հայտնել են, որ լինելու են Էջմիածնում:

Leave a Comment