Վրաստանի խորհրդարանը ընդունել է արտերկրում քվեարկությունն արգելող օրինագիծ

Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել ընտրական օրենսգրքում, որոնց համաձայն արտերկրում ապրող Վրաստանի քաղաքացիները այլևս չեն կարող քվեարկել ընտրություններին, եթե անձամբ չմեկնեն Վրաստան։ Օրինագիծը նախաձեռնվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից և վերջնական ընթերցմամբ ընդունվել է 79 կողմ, 11 դեմ ձայներով։

Ըստ նոր կարգավորումների՝ այլևս չեն բացվելու արտերկրում ընտրատեղամասեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և քվեարկությունը կանցկացվի միայն երկրի տարածքում՝ ինչպես դա արվում է տեղական ինքնակառավարման ընտրությունների դեպքում։

Այս մասին տեղեկացնում է OC Media-ն:

Օրինագիծը հասարակական լայն քննարկումների տեղիք է տվել թե՛ Վրաստանում, թե՛ սփյուռքում։ Քննադատները իշխանություններին մեղադրում են արտերկրում ապրող քաղաքացիներին փաստացի ընտրական իրավունքից զրկելու փորձի մեջ։ Իշխանությունները, սակայն, պնդում են, թե ընտրական իրավունքը չի վերացվում, այլ միայն պայմանավորվում է՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեկ անգամ չորս տարին մեկ ժամանի հայրենիք՝ քվեարկելու համար։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն փոփոխությունները հիմնավորում են «արտաքին միջամտության» վտանգով՝ նշելով, որ 2024 թվականի ընտրությունները ցույց են տվել արտերկրից եկող տեղեկատվական և քաղաքական ճնշումների ազդեցությունը։ Մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունները և սփյուռքի ներկայացուցիչները այս հիմնավորումները համարում են չհիմնավորված և ընդգծում, որ արտագաղթած քաղաքացիները շարունակում են ակտիվ դեր ունենալ Վրաստանի հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքում։

Leave a Comment