18 դեկտեմբերի 2025 – 10:49 AMT
PanARMENIAN.Net – Ներքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասվող հավաքներին, հորդորել է զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից։
Ըստ ՆԳՆ–ի՝ Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո «որոշ քաղաքացիներ սադրիչ գրառումներ են արել»։
ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո որոշ քաղաքացիներ և սոցցանցերի օգտատերեր սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ են կատարել։
Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը:
Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։