Ղահրամանյան․ Կանչել են ՔՊ վարչություն, իմ մասով որոշում է կայացվել

Ղահրամանյան․ Կանչել են ՔՊ վարչություն, իմ մասով որոշում է կայացվել

17 դեկտեմբերի 2025 – 15:45 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հաստատել է, որ մասնակցել է ՔՊ վարչության նիստին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ տեղեկացված է որոշման բովանդակությանը, սակայն չի ցանկանում ներկայումս խոսել դրա մասին։

«Այո, ինձ կանչել են ՔՊ վարչություն, իմ մասով որոշում կայացվել է, ինձ այդ մասին տեղեկացրել են, բայց ես չեմ ուզում այդ մասին ասել։ Եթե պետք լինի, վարչությունը ինքը կհայտարարի դրա մասին։ Իմ լռությունը պայմանավորված է նրանով, որ վարչությունը պիտի ինքը որոշում կայացնի, և ինքը պետք է որոշի՝ իր որոշումը հրապարակի, թե չհրապարակի։ Ինձ ոչ մեկը չի մերժել»,- նշել է նա, հայտնում է Auroranews.am-ը։

Նարեկ Ղահրամանյանը անդրադարձել է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

«2018–ի թավշյա հեղափոխությունից հետո, սա առաջին խորհրդարանական ընտրությունն է, որը տեղի է ունենալու հերթական, և մենք պատրաստվում ենք։ Ցուցակը կազմվելու է համագումարով մեր պատվիրակների կողմից։ Եթե 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեին հերթական, էլի այս ձև կլինեին»,- ասել է պատգամավորը։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։

Leave a Comment