1971թ. նոյեմբերի 30-ին շահագործման հանձնվեց Պուշկինի լեռնանցքի՝ 1830մ երկարությամբ ավտոճանապարհային թունելը: Այն Փամբակի հովիտը կապում է Լոռվա դաշտին: Վանաձորից՝ այն ժամանակ Կիրովական, Ստեփանավան տանող ճանապարհն անցնում էր ոլորաններով, բարձրանում էր լեռան գագաթը և շարունակում իր ուղին:
Որքան շատ վթարներ էին տեղի ուենում այնտեղ, որքան հաճախ էր ձմռան բուքին այն փակվում: 1966թ. այստեղ եկան առաջին թունելագործները և 5 տարվա ընթացքում գլուխ բերեցին գործը: Վանաձոր-Ստեփանավան ինքնաշարժի ճանապարհը կրճատվեց 14 կմ-ով: Թունելը պաշտոնապես բացվեց նոյեմբերի 30-ին: Տեղում էին բոլոր նրանք, ովքեր հերոսական աշխատաք էին կատարել՝ լեռան մեջ թունել բացելով , այստեղ էին Հայաստանի ղեկավարները՝ Անտոն Քոչինյանի գլխավորությամբ:
Իսկ ինչո՞ւ է այս լեռնանցքը կոչվում Պուշկինի անունով: Բանն այն է, որ 1829թ. թվականին, երբ բանաստեղծընայս կողմերով ճանապարհվում էր Կարին՝ Էրզրում, հանդիպում է գրող և դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը սայլի վրա Իրանից Թիֆլիս տեղափոխողներին։ Այդ տխուր հանդիպման վայրում կառուցվել է աղբյուր-հուշարձան:
Ելույթների ավարտից հետո Անտոն Քոչինյանը կտրում է թունելի կարմիր ժապավենը: Նա ակնարկում էր նոր, մեծ աշխատանքների մասին, օրինակ՝ մետրոպոլիտենի, որը կյանքի կոչվեց արդեն Կարեն Դեմիրճյանի կառավարման ժամանակ: Պուշկինի լեռնանցքի թունելի բացումից, գրեթե, 10 տարի անց՝ 1981թ. մարտի 7-ին, Կարեն Դեմիրճյանը կտրեց Երևանի մետրոպոլիտենի ժապավենը՝ միայն 5 կայարաններով՝ Բարեկամություն, Սարալանջի, որ հետագայում վերանվանվեց մարշալ Բաղրամյանի անունով, Հանրապետության Հրպարակ և Սասունցի Դավիթ: Իսկ նույն՝ 1981-ի մարտի 21-ին, նա արդեն Սևանի ափին էր՝ Ծովինար գյուղի մոտ՝ բացելու Արփա-Սևան ջրատարը:
Գիտական ահռելի աշխատանք, նախագծային-ճարտարագիտական հաշվարկներ, նախագծեր, բազմաթիվ կառույցները։ Ամբողջ Հայաստանի գիտաարդյունաբերական ներուժը լծված էր այս ահռելի գործը գլուխ բերելուն: Տարբեր ձեռնարկություններ արտադրանք էին տալիս Արփա-Սևան ջրատարի համար: Այս կառույցն ապացուցեց, որ Հայաստանն իսկապես հսկայական գիտական ներուժ ունի: Եվ որ Սևանի փրկությունն ահռելի կարևորություն ունի բնապահպանական առումով:
Հայաստանում ոռոգելի հողագործության զարգացման, Սևանա լճի բնական պաշարների պահպանման և խելամիտ օգտագործման միջոցառումների համար նախատեսված էր իրականացնել լճի մակարդակի բարձրացմանը և նրա բնապահպանական վիճակի բարելավմանը միտված մի ամբողջ ջրատնտեսական և այլ միջոցառումներ: Անշուշտ, այդ ամենը կարճ ժամանակում հնարավոր չէր լինելու իրականացնել: Կպահանջվեին տարիների աշխատանք և մեծ գումար, որոնք Հայաստանի իշխանությունները կարողանում էին խելամտորեն ստանալ կենտրոնական իշխանությունից՝ Մոսկվայից:
1961 թվականի մայիսին Հայաստան է գալիս Նիկիտ Խրուշչովը: ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը և Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանը նրան տանում են Սևան: Բարձրանում են լճի վրա խարիսխ գցած «Անաստաս Միկոյան» նավը: Եվ այստեղ էլ ներկայացնում են Սևանա լճի հետ կապված իրավիճակը և այն փրկելու շուրջ, հիմնավորված փաստարկները: Եվ այսպես, Խրուշչովին կարողանալով բացատրել, նաև՝ համոզել, Հայաստանի իշխանությունները 500 միլիոն ռուբլի ստացան Մոսկվայից:
Սովետական մյուս հանրապետությունների խանդը մեծ էր։ Ինչո՞ւ այդքան փող տալ Հայաստանին 48կմ երկարությամբ թունել կառուցելու համար և ոչինչ չհատկացնել, ասենք Սիբիրում 7 կիլոմետրանոց թունել կառուցելու համար: Շատ նեղված էր հատկապես «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը և թունոտ հոդվածներ գրեց այս ծրագրի մասին: Երբ Խրուշչովին գահնկեց արեցին, ի թիվս այլ բաների, մեղադրեցին նաև վոլյունտարիզմի մեջ՝ հիշատակելով Արփա-Սևան թունելի կառուցմանը օժանդակելու փաստը:
1969թ., երբ Արփա-Սևան ջրատարի աշխատանքները 2-3 տարի է, ինչ սկսվել էին և դեռ ընթացքի մեջ էր, ձայնագրվում է բանաստեղծ Յուրի Սարգսյանի բառերի հիման վրա Էդգար Հովհաննիսյանի ստեղծած «Արփա Սևան» հրաշալի երգը: Արշավիր Կարապետյանի կատարմամբ այն ձայնագրվում է Հայաստանի ռադիոյում: