Գերմանիան Ուկրաինային նվիրաբերել է երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ և Iris-T համալիր

Գերմանիան Ուկրաինայի զինված ուժերին է մատակարարել երկու Patriot զենիթահրթիռային համակարգ և իններորդ Iris-T համակարգը, ինչպես նաև նախատեսում է հաջորդ տարի մատակարարել AIM-9 Sidewinder հրթիռների զգալի քանակություն։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստի բացման ժամանակ։

«Մեր վերջին հանդիպումից ի վեր մենք ամրապնդել ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը, այդ թվում՝ օգոստոսին խոստացված երկու Patriot համակարգերի մատակարարման, ինչպես նաև իններորդ Iris-T համակարգի մատակարարման միջոցով»,-նրա խոսքերը մեջբերել է Corriere della Sera թերթը։ Պիստորիուսը նաև հավելել է, որ Patriot-ների մատակարարումն իրականացվել է Նորվեգիայի մասնակցությամբ։

Նախարարը հայտարարել է, որ 2026 թվականին Գերմանիան իր զինանոցից կտեղափոխի «AIM-9 Sidewinder հրթիռների զգալի քանակ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ամրապնդելու համար»։

Leave a Comment