«Թրամփի ծրագիրը» Հարավային Կովկասի համար նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքը, և Իրանը կոշտորեն դեմ է դրան. Վելայեթի

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ այսպես կոչված «Թրամփի ծրագիրը» Հարավային Կովկասի համար իրականում նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքի նախագիծը, պարզապես նոր անվանումով։ Նրա խոսքով՝ Թեհրանը կտրականապես դեմ է այս նախաձեռնությանը։

Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական գործակալությունը։

Վելայեթին այս մասին ասել է երկուշաբթի օրը Թեհարանում, Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում, որտեղ կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, հատկապես՝ Հարավային Կովկասում։

Վելայեթին ընդգծել է, որ Իրանը դեռ սկզբից դեմ է եղել Զանգեզուրի միջանցքին, քանի որ չի ընդունում տարածաշրջանի սահմանների փոփոխությունը և այն համարում է սպառնալիք Իրանի անվտանգության միջավայրի համար։

Նրա խոսքով՝ միջանցքը կարող էր հնարավորություն ստեղծել, որպեսզի ՆԱՏՕ-ի ներկայությունը հասնի Իրանի հյուսիս, ինչը լուրջ անվտանգային ռիսկեր կստեղծեր ինչպես Իրանի հյուսիսում, այնպես էլ Ռուսաստանի հարավում։ Վելայեթին հավելել է, որ «Թրամփի ծրագիրը» նույն նախագծի շարունակությունն է՝ պարզապես նոր անվանումով, և այժմ այն առաջ է մղվում ԱՄՆ ընկերությունների մուտքով Հայաստան։

Վելայեթին նշել է, որ ԱՄՆ-ն ունի պատմություն՝ տնտեսական նախագծերով մտնելու զգայուն տարածաշրջաններ, որոնք հետագայում աստիճանաբար վերածվում են ռազմական և անվտանգության ներգրավվածության։

Աղբյուրը նշում է, որ իր հերթին դեսպան Գրիգոր Հակոբյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ ստրատեգիական են, և Թեհրանի հետ համագործակցության ընդլայնումը Երևանը դիտում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն։

Leave a Comment