Մեկ տարի ժամկետով գործելու է կրիպտոարժույթների առևտրի փոխզիջումային տարբերակ․ կրիպտոակտիվներ ձեռք կբերվեն նաև կանխիկով․ ԿԲ նախագահ

Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով գործելու է կրիպտոարժույթների առևտրի, այսպես կոչված, փոխզիջումային տարբերակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այսօր, եթե չեմ սխալվում, առաջին ընթերցմամբ Ազգային ժողով է ներկայացվելու անցումային շրջանը որոշակի կարգավորող օրենսդրական փաթեթ, որովհետև, ինչպես գիտեք, 2027 թվականի հունվարի 1-ից այս ոլորտում կանխիկ գումարով գործառնություններ չեն թույլատրվելու: Անցումային շրջանում՝ 2026-ի հունվարից մինչև 2027-ի հունվար թողնում ենք, որպեսզի կրիպտոակտիվներ ձեռք բերվեն նաև կանխիկով՝ մինչև 300 հազար դրամի չափով: Պայմանով, որ անձինք, ովքեր իրականացնում են կրիպտոյի առքը կամ վաճառքը, պետք է անպայման նույնականացվեն: Սա կոմպրոմիսային ինչ-որ տարբերակ է»,- նշեց նա:

Մարտին Գալստյանը հավելեց, որ իր ղեկավարած կառույցը մշտապես աջակցում է այս ոլորտում նորարարություններին.

«Եթե սահմանենք նորարարությունն ինչ է, կարծում եմ, կտեսնեք, որ կանգնած ենք նորարարության կողքին: Նորարարությունը դա կրիպտոակտիվի առքն ու վաճառքը չէ: Նորարարությունը դրա հետևում կանգնած տեխնոլոգիաներն են, դրա հիմքում ընկած լուծումներն են: Դրա պարագայում, հավաստիացնում եմ, որ կենտրոնական բանկը մշտապես կանգնած է նորարարության կողքին: Բայց, եթե խոսքը բացառապես կրիպտոակտիվների առք ու վաճառքի մասին է՝ կանխիկի կամ ոչ կանխիկի դիմաց, ապա այդտեղ նորարարության որևէ տարր, ըստ էության, չկա»,- ասաց ԿԲ նախագահը:            

 

Leave a Comment