2025 թվականին՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ, ԱՄՆ-ում դպրոցների և կրթական հաստատությունների տարածքում տեղի է ունեցել առնվազն 75 հրաձգություն։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հիմնվելով Gun Violence Archive, Education Week և Everytown for Gun Safety կազմակերպությունների տվյալների վրա։
Ընդհանուր դեպքերից 43-ը գրանցվել են քոլեջների և համալսարանների տարածքում, իսկ 32-ը՝ հանրակրթական դպրոցներում։ Միջադեպերի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, ավելի քան 100-ը ստացել են վնասվածքներ։ CNN-ը ներառում է բոլոր միջադեպերը, որոնցում կրակոց է արձակվել կրթական հաստատության տարածքում և առնվազն մեկ մարդ վիրավորվել է՝ բացառությամբ հենց հրաձիգի։ Դպրոցական տարածք են համարվում ոչ միայն շենքերը, այլև բակերը, մարզադաշտերը, ավտոկայանատեղիները և դպրոցական ավտոբուսները։ Նույնիսկ պատահական կրակոցներն են ներառվում վիճակագրության մեջ, եթե դրանք հանգեցրել են վիրավորների։ Covid-19 համավարակի առաջին տարում, երբ դպրոցները փակ էին, նման դեպքերի թիվը զգալիորեն նվազել էր։ Սակայն դպրոցների վերաբացումից հետո հրաձգությունների թիվը կտրուկ աճել է։ 2021, 2022, 2023 և 2024 թվականները դարձել են ռեկորդային՝ առնվազն 2008 թվականից ի վեր։ 2024-ին արձանագրվել է առնվազն 83 հրաձգություն, սակայն 2022-ը եղել է ամենամահաբերներից մեկը՝ 47 զոհով։ Այդ տարում տեղի ունեցավ Ուվալդեի տարրական դպրոցի ողբերգական միջադեպը, որտեղ զոհվեց 19 աշակերտ և երկու ուսուցիչ։
CNN-ի վերլուծությամբ՝ որոշ նահանգներում հրաձգությունների ցուցանիշը հատկապես բարձր է եղել։ Վաշինգտոն, DC-ն ունեցել է ամենաբարձր հարաբերական ցուցանիշը՝ մոտ մեկ հրաձգություն 100,000 բնակչի հաշվով, մինչդեռ ընդհանուր թվով առաջին տեղում է Տեխասը՝ 65 դեպքով։ Միայն չորս նահանգներում՝ Մոնտանա, Վայոմինգ, Նյու Հեմշիր և Վերմոնթ, այդ ժամանակահատվածում դպրոցական տարածքում որևէ հրաձգություն չի արձանագրվել։ Դեկտեմբերի 13-ին Բրաունի համալսարանում գրանցված զանգվածային կրակոցը դարձել է Ռոդ Այլենդ նահանգի առաջին հրաձգությունը կրթական տարածքում 2008-ից ի վեր, երբ CNN-ը սկսեց համակարգված արձանագրել նման միջադեպերը։