Հակոբյան․ Եվրոպական «դաբրոյի» մեջ է մտնում նաև կրիմինալի ձեռքերով ընդդիմախոսներին լռեցնելու թույլտվությունը

Հակոբյան․ Եվրոպական «դաբրոյի» մեջ է մտնում նաև կրիմինալի ձեռքերով ընդդիմախոսներին լռեցնելու թույլտվությունը

16 դեկտեմբերի 2025 – 14:59 AMT

PanARMENIAN.Net – Վերջերս բռնության ենթարկված հանրային գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով տեղի ունեցածին և դրա հնարավոր պատվիրատուներին, գրել է, որ Եվրոպայից «դաբրոյի» մեջ է մտնում նաև «կրիմինալի ձեռքերով ընդդիմախոսներին լռեցնելու եվրոպական թույլտվությունը»։

«Քննչական կոմիտեն մեծածավալ գործ է արել: Թեև նախաքննական գաղտնիք չեմ կարող բացահայտել, բայց կասեմ միայն, որ անձամբ Նիկոլի հանձնարարականն ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը: Հարձակում իրականացնողներին ազատել է դատարանը, որը բոլորս գիտենք, թե ում sms-հրահանգներով է աշխատում:

Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դավաճանելով «հեղափոխությանը»՝ Նիկոլը սերտաճել է իր իսկ կողմից քրեածին անվանված բիզնեսի հետ: Բայց որ Նիկոլն ուղղակիորեն կրիմինալի հետ է սերտաճել ու կրիմինալին օգտագործում է քաղաքական գործընթացում, այ դա արդեն նորություն է:

Ավելին, քաղաքագիտության կանոններով՝ կրիմինալի հետ սերտաճած Նիկոլի դիկտատուրան առաջիկայում շատ ավելի այլանդակ դրսևորումներ է ստանալու։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ աջակցություն է Նիկոլը խնդրել Եվրոպայից, ինչի մասին խոսեց Կայա Կալասը. ոչ մի արտաքին միջամտություն կանխելու հարց չկա, կա ադրբեջանական տիպի դիկտատուրա հաստատելու եվրոպական «դաբրո» ստանալու հարց: Եվ, այդ «դաբրոյի» մեջ է մտնում նաև կրիմինալի ձեռքերով ընդդիմախոսներին լռեցնելու եվրոպական թույլտվությունը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասն ասել էր, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ ընտրական գործընթացներում արտաքին միջամտությունից պաշտպանվելու նպատակով աջակցություն ստանալու համար։

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով 4 անձ էր ձերբակալվել, որոնք հետք ազատ են արձակվել։

Leave a Comment