staff.am Gala 2025. Ներդաշնակության բանաձևը՝ բիզնեսից մինչև մշակույթ

Օրերս կայացավ Հայաստանի աշխատաշուկայի և HR համայնքի տարվա գլխավոր իրադարձություններից մեկը՝ Staff.am Gala 2025-ը։ Միջոցառումը, որը մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի առաջատարներին և գործատուներին, այս տարի կրում էր «A Century of Harmony» (Մեկ դար ներդաշնակություն) խորագիրը՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին։

Միջոցառման մեկնարկին հյուրերին ողջունեց staff.am և hirbee.ai համահիմնադիր Վահե Ավետիսյանը՝ նշելով․

«Իմ ու մեր թիմի համար մեծագույն պատիվ է այսօր լինել այստեղ։ Մեծ հպարտություն է ունենալ նման համայնք, որը տարեցտարի աճում է»։

Ողջույնի խոսքին հաջորդեց երեկոյի մշակութային հատվածը․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ, կատարեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հաղորդելով միջոցառմանը յուրահատուկ շունչ։

Երաժշտական կատարումներից հետո staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը շնորհավորեց նվագախմբին հոբելյանի առթիվ և պարզաբանեց միջոցառման թեմայի ընտրությունը․

«Երբ ամիսներ առաջ մեր թիմով սկսեցինք կազմակերպչական աշխատանքները, թեմայի և այնուհետ միջոցառման վայրի ընտրության հարցում երկար չվարանեցինք։ A Century of Harmony՝ «Մեկ դար ներդաշնակություն» խորագիրը հարգանքի տուրք է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հարյուրամյա հոբելյանին»։

Անդրադառնալով staff.am-ի անցնող տարվան՝ Լուիզա Ավետիսյանը հավելեց․

«Եթե staff.am-ի 2025-ը մեկ բառով ամփոփեմ, դա կլինի «համագործակցություն» բառը։ Ամբողջ տարվա ընթացքում, բացի մեր հիմնական գործունեության ուղղությունից, այն է՝ օգնել ընկերություններին գտնել լավագույն տաղանդներին, մենք ունեցել ենք բեղուն համագործակցություններ մեր էկոհամակարգի այլ ուղղություններով՝ կրթական, մեդիա և վերլուծական»։

Հենց նման հաջողված համագործակցությունների օրինակով էլ շարունակվեց միջոցառման բովանդակային մասը։ Գալայի գործընկեր ԱՄԻՕ Բանկի Մարդկային ռեսուրսների և մշակույթի ղեկավար Հռիփսիմե Գլիչյանը ներկայացրեց բանկի վերափոխման ընթացքը․

«Ցանկացած մեծ փոփոխության շարժիչ ուժը մարդիկ են, և այստեղ շատ կարևոր է, որ նրանք հավատան այդ փոփոխության դրական ուժին»։

Այնուհետև գործընկեր Coca-Cola HBC Armenia-ի ՄՌԿ տնօրեն Նելլի Փուրթոյանը և Տաղանդների համալրման գործընկեր Տաթևիկ Բաբայանը կիսվեցին գործատուի բրենդավորման իրենց փորձով․

«Մեր ընկերությունում գործատուի բրենդավորումն ունի առանձնահատուկ ռազմավարական նշանակություն՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ուղղություններով։ Արտաքինում մենք պատմում ենք, թե ով է Coca-Cola HBC Armenia-ն որպես գործատու, ինչ հնարավորություններ ենք տալիս և ինչ միջավայր ենք առաջարկում, իսկ ներքինում մենք ամեն օր կառուցում ենք այն միջավայրը, որտեղ կարող են մեր մարդիկ աճել, զարգանալ և զգալ իրենց ներգրավված»։

Staff.am-ի թիմը ներկայացրեց նաև 2025 թվականի աշխատաշուկայի վերաբերյալ կարևոր վերլուծական տվյալներ, որից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու ակտիվ նեթվորքինգի ձևաչափով։ Մթնոլորտն այնքան ջերմ էր, որ մասնակիցները դժվարությամբ էին ընդհատում զրույցները՝ դահլիճ վերադառնալու համար։

Միջոցառման երկրորդ հատվածը, որը կրում էր «Հանդիպում ներդաշնակության խաչմերուկում» անվանումը, նվիրված էր ներքին խաղաղության փնտրտուքին։

Արտ-թերապիստ Կարինե Խաչատուրյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է արվեստի միջոցով հասնել ներդաշնակության և կիրառել այդ մեթոդները կորպորատիվ միջավայրում։

Երգիչ և դերասան Հայկ Պետրոսյանը ներկաներին տեղափոխեց Կոմիտասի ձայների աշխարհ՝ որպես ներդաշնակության աղբյուր։ Նրա կատարումներն ազդեցին ունկնդիրների վրա՝ հասնելով մինչև գենային հիշողության նուրբ շերտերին։

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԱԻՆ փրկարար ծառայության գնդապետ, երգահան Արմինե Հայրապետյանը։ Նա կիսվեց դժվարին պահերին ներքին լույսը պահպանելու կարևոր մտքերով՝ առաջարկելով խնդիրները դիտարկել որպես «փոքրիկ տեխնիկական խոտան» և դրանք վերածել լույսի աղբյուրի։ Նրա հուզիչ կատարումը դարձավ երեկոյի տպավորիչ ավարտը։

Staff.am Gala 2025-ն ամփոփվեց հյուրերի մասնակցությամբ թեմատիկ հոլովակով և միասնական լուսանկարով՝ խոստանալով հաջորդ տարի վերադառնալ նոր ու ավելի մեծ նախաձեռնություններով։

Leave a Comment