Ուկրաինայի Զինված ուժերը (ՈւԶՈւ) դեկտեմբերի 15-ի կեսգիշերին մոտ հրթիռակոծել են Բելգորոդը, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ են կրել ինժեներական ենթակառուցվածքները։ Վթարային և օպերատիվ ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ», – գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ Նա նաև հավելել է, որ պայթյունի ալիքից պատուհաններ են կոտրվել վեց բազմաբնակարան շենքերում և մեկ մասնավոր տանը։
Ինչպես գրում է տեղական «Պեպել» պարբերականը՝ հրթիռային հարվածից հետո ծխի ամպ է բարձրացել «Լուչ» ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) տարածքում։ Դա Բելգորոդի հիմնական էներգետիկ և ջերմային կայաններից մեկն է, որն աշխատում է բնական գազով։ Այն էլեկտրաէներգիայով և ջերմությամբ է ապահովում «Խարկովսկայա Գորա» միկրոշրջանի մի մասը և քաղաքի այլ հատվածներ։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 28-ին ՈւԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդի ՋԷԿ-ին։ Այն ժամանակ «հարվածը» եղել է քաղաքային «Լուչ» ենթակայանի վրա։ Դա հանգեցրել է Բելգորոդի, Ստարի Օսկոլի, Շեբեկինոյի և մարզի մի քանի այլ բնակավայրերի առանձին հատվածներում էլեկտրաէներգիայի անջատմանը։ Բացի այդ, «Լուչ» ՋԷԿ-ի էներգաբլոկներից մեկը հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 5-ին, ինչի հետևանքով Բելգորոդի և մարզի հազարավոր բնակիչներ մնացել են առանց լույսի։