Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում Ներքին գործերի նախարարության կողմից մշակած և հրապարակված նախագիծը, որով առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը։
Անհրաժեշտությունը
Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով անձի (վարորդի) սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում), իսկ թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի (բավարար հիմքերի) առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպությունների կողմից։
Ի՞նչ է առաջարկվում նախագծերի փաթեթը
Առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում լրացում կատարելու մասին
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը «մաքուր ալկոհոլի» բառերից հետո լրացնել «կամ կենսաբանական ծագման նմուշներում թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի» բառերով:
Բյուջետային ազդեցությունը
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Բխում է ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի 736-Լ որոշմամբ հաստատված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունից:
Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։