Դեկտեմբերի 11-ին հակակոռուպցիոն դատարան գործ է դատարանում գործ է մուտք արվել ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության վաշտի հրամանատարի կողմից կաշառք վերցնելու մեղադրանքով։ Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Ա․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ՝ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության վաշտի հրամանատար, 2025 թվականի ապրիլի 19-ից մինչև մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում՝ մաս-մաս Ա․Ե․Պ․-ից կաշառք ստանալու պատրվակով ստացել է 380.000 ՀՀ դրամ գումար՝ իբրև նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վերականգնման գործընթացը կազմակերպելու համար։
Ա․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի հունիսի 26-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2025 թվականի ապրիլի 19-ին պայմանավորվածություն է ձեռք բերել որպես պաշտոնատար անձ՝ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության վաշտի հրամանատար, ներկայացած Ա․Ղ․-ի հետ, որպեսզի վերջինիս միջնորդությամբ նրա ծանոթ պաշտոնատար անձն իր օգտին կատարի ապօրինի գործողություն՝ շրջանցելով ՀՀ կառավարության «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերը, կաշառք գումարի դիմաց վերականգնի իր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը։
Մեղադրյալներին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ա․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 440 հոդվածի 1-ին մասով։
Ա․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 44-436 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։