12 դեկտեմբերի 2025 – 15:38 AMT
PanARMENIAN.Net – Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնողMonumentwatch.org կայքը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բաքուն լուրջ ջանքեր է գործադրում ՀՀ-ում իսլամական ժառանգությունը թյուրքա-ադրբեջանական ներկայացնելու համար, որի վկայություն էր դեկտեմբերի 5-ին Բաքվում կայացած «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը։
«Ուղերձի առանցքային միտքն այն է, որ իբր Հայաստանը երկարատև տարիների ընթացքում պարբերաբար ոչնչացրել է ադրբեջանցիների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ հատկապես սրբավայրերը, գերեզմանները: Նշվել է, որ ադրբեջանական կողմի համար առաձնահատուկ կարևոր է այս իրադարձություններին տալ իրավական գնահատականներ միջազգային-իրավական հարթության մեջ և կատարել համապատասխան քայլել: Սրանց պետք է հետևեն այդ ժառանգության վերականգնմանն ուղղված քայլեր, որոնք տեղավորվում են «ադրբեջանական վերադարձի և Արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսության մեջ»,–ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգությունն իրենց վերագրելու առաջին դրսևորումներն արձանագրվել են խորհրդային ժամանակաշրջանում՝ պատմաբան Զիյա Բունիյաթովի և արևելագետ Մեշադի-խանում Նեյմատովայի գործունեության շրջանակում։
«Նրանք հատկապես դիտարկել են Սյունիքի տարածաշրջանը։ Նեյմատովան հրապարակել է Սիսիանի շրջանում՝ Որոտան, Վաղատին և Աղիտու գյուղերում գտնվող մահմեդական գերեզմանների տապանաքարերի արձանագրությունները՝ միտումնավոր սխալ վերծանումներով։ Հայտնի արևելագետ Ա. Խաչատրյանը, իր կողմից արաբերեն արձանագրություններին նվիրված ծավալուն աշխատության մեջ, մանրամասն անդրադարձ է կատարել այդ արձանագրություններին՝ վերլուծելով դրանց լեզվաբանական, քերականական ու բովանդակային կողմերը։
Ադրբեջանի պաշտոնական վարկածը հիմնված է այն պնդման վրա, թե իբր հայկական կողմը ոչնչացրել է «ադրբեջանական սրբավայրերը, գերեզմանները, կոթողները» և թաքցրել դրանց գոյության փաստը։ Այնուամենայնիվ, «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մահմեդական, այդ թվում՝ ադրբեջանական կամ վերջիններիս կողմից օգտագործված պատմամշակութային հուշարձանների ցուցակը» փաստաթուղթը հակասում է այդ մեղադրանքներին։ Ցուցակում ներկայացված են Հայաստանում գտնվող մահմեդական հուշարձանները մարզերի բաժանմամբ, նշված են դրանց լուսանկարները, համառոտ նկարագրությունները և պահպանվածության վիճակը։
Այս ցուցակում առանձին նշված են ինչպես թաթարական, այնպես էլ ադրբեջանական գերեզմանները։ Չեն թաքցվել նաև գյուղական մզկիթների շենքերը, որոնք կառուցվել են նախկին թաթարական գյուղերի տարածքում։ Քանի որ ադրբեջանական կողմը մշտապես պնդում է, թե իբր հայկական կողմը ոչնչացրել է մահմեդական սրբավայրերը, ապա հարկ է մատնանշել, որ Սյունիքի մարզի տարածքում ներկայում էլ պահպանվում են Լեհվազի մոտ գտնվող Բուղաքարի փիր սրբատեղին և Շվանիձորի մոտ՝ Բաբա Հաջ ուխտատեղին։ Դրանք սկսած 19-րդ դարից հանդիսացել են սրբատեղի մահմեդական, այդ թվում՝ քուրդ, պարսիկ ու թյուրքախոս բնակչության համար, իսկ խորհրդային տարիներին՝ ադրբեջանցիների։
Բացի այդ, այն գյուղերում, որտեղ նախկինում բնակվել են ադրբեջանցիներ կամ բնակչությունը եղել է խառը, պահպանվում են Հայրենական պատերազմին նվիրված հուշարձաններ ու աղբյուրներ, որոնց վրա պահպանվել են ադրբեջանցի զոհված զինվորների անունները։
Ինչ վերաբերում է գերեզմանների վիճակին, ապա դրանց մեծ մասն ունի բավարար պահպանվածություն»,–ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ադրբեջանական կողմն իր մեղադրանքներում չի ներկայացնում որևիցե լուրջ հիմնավորում և փաստարկ, իսկ եղածներն էլ պատմական փաստերի խեղաթյուրում են:
«Կարևոր ենք համարում նշել, որ հայկական ակադեմիական միտքը պարբերաբար անդրադարձել է Հայաստանի տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգությանը, հայկական և իսլամական մշակույթների փոխառնչություններին՝ սկսած 7-րդ դարից, երբ Հայաստանը դառնում է Արաբական խալիֆայության մի մասը: Հայ-իսլամական մշակութային փոխառնչությունները դիտարկվել են սելջուկյան արվեստի, մոնղոլական և ետմոնղոլական՝ կարա-կոյունլու, աղ-կոյունլու ցեղերի հետ փոխառնչությունների շրջանակներում»,–ասվում է կայքի հրապարալման մեջ։