ԱՀԿ․ COVID-19-ով հիվանդացածների մոտ 6%-ը շարունակում է երկար ժամանակ զգալ ախտանշանները

ԱՀԿ․ COVID-19-ով հիվանդացածների մոտ 6%-ը շարունակում է երկար ժամանակ զգալ ախտանշանները

12 դեկտեմբերի 2025 – 14:21 AMT

PanARMENIAN.Net – COVID-19-ով վարակվածների մոտավորապես 6 տոկոսը դեռևս շարունակում է բախվել դրա հետևանքներին՝ տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

«100 մարդուց վեցը դեռևս զգում են վարակի հետևանքները՝ սկսած թեթև հոգնածությունից մինչև հիշողության խնդիրներ և այսպես կոչված «գլխի մշուշվածություն»»,-ասել է ԱՀԿ-ի առողջապահական արտակարգ իրավիճակներին արձագանքման բաժնի ղեկավար Աբդիրահման Մահամուդը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա շեշտել է, որ կատարված ուսումնասիրությունները որևէ կապ չեն հայտնաբերել հիշողության խանգարումների կամ նմանատիպ այլ ախտանիշների և պատվաստման միջև։ Նրա խոսքով՝ այդ խնդիրները առաջանում են հենց վարակի հետևանքով, այլ ոչ թե պատվաստումների միջոցով։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը ևս տարակուսանք է հայտնել՝ պատվաստումները նման հետևանքների հետ կապելու փորձերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ COVID-19-ը, թեև այլևս չունի իր երբեմնի բարձր ակտիվությունը, բայց շարունակում է շրջանառվել, մուտացիաների ենթարկվել և լուրջ վտանգ ներկայացնել ռիսկի խմբերի համար։

Նա նաև տեղեկացրել է, որ ԱՀԿ-ն ներկայացրել է նոր ռազմավարական ծրագիր, որը միտված է հակազդել կորոնավիրուսային սպառնալիքներին՝ ներառյալ COVID-19-ը, MERS-ը և ապագայում հնարավոր այլ կորոնավիրուսները։ Ըստ նրա՝ այս փաստաթուղթը խորհրդանշում է անցումն արտակարգ արձագանքից դեպի կորոնավիրուսային հիվանդությունների երկարաժամկետ ու համակարգային կառավարում։

Leave a Comment