Սամվել Կարապետյանի գործն ամբողջությամբ քաղաքական հետապնդում է, քանի որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ, որը կարող է Կարապետյանի հետ կապ ունենալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Խայտառակ ապօրինությունների հետ գործ ունենք։ Գործի մեջ կարելի է տեսնել տարատեսակ ընկերությունների և անձանց անուններ, սակայն Կարապետյանի հետ առնչության փաստական հիմնավորվածությունը զրոյական է»,- ասել է Ֆերոյանը։
Փաստաբանը քննչական մարմիններին մեղադրել է օբյեկտիվության սկզբունքը խախտելու մեջ․ «Քննչական մարմինը պարտավոր է ձեռք բերել ոչ միայն մեղավորությունը, այլև անմեղությունը հիմնավորող ապացույցներ, սակայն այս գործով ձեռք են բերվում «բացառապես շինծու և մեղադրական ապացույցներ»։
Փաստաբանը նաև նշել է պրակտիկայում երբևէ չհանդիպած արագությունը․ «Նույն դատավորները մյուս գործերով որոշումներ կայացնելու համար ծախսում են ամիսներ, երբեմն՝ տարիներ, սակայն Կարապետյանի գործով գործել են պրակտիկայում երբևէ չհանդիպած արագությամբ»։