12 դեկտեմբերի 2025 – 12:48 AMT
PanARMENIAN.Net – Կառավարությունը հավանություն է տվել և Ազգային ժողով է ներկայացրել Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որը միտված է բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը և նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը։ Այդ մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշել է, որ փոփոխություններով նախատեսվում է, որ մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարողանա բողոքարկել, հայտնում է Factor.am-ը։
«Փաթեթով նախատեսվում է, որ վերաքննության կարգով ներկայացված բողոքները վարչական դատարանում պետք է քննվեն գրավոր ընթացակարգով, և միայն պատճառաբանված որոշման պարագայում պետք է տեղի ունենա գործի բանավոր քննություն։ Նախատեսվում է նաև, որ վերաքննության կարգով ներկայացված բողոքները պետք է ունենան քննության հստակ ժամկետ, այն է՝ 6 ամիսը, որը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ 4 ամիս ժամկետով։
Հստակ գիտակցելով, որ ունենք մի շարք խնդիրներ կապված պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության որակի հետ, նախատեսել ենք վարչական մարմինների՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակում՝ մինչև 300,000 ՀՀ դրամ տուգանք պարունակող վարչական ակտերի պարագայում։
Այսինքն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն այլևս հնարավորություն չեն ունենա ներկայացնել վերաքննիչ բողոք այն դեպքում, երբ իրենց կողմից կայացված վարչական ակտով սահմանված տուգանքի գինը չի գերազանցում 300,000 ՀՀ դրամը»«–ասել է նախարարը։
Նա հավելել է, որ այս փոփոխությունը մի կողմից կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և քաղաքացիների համար մատչելի արդարադատության իրականացման իրավունքի ապահովմանը, իսկ մյուս կողմից՝ կհրավիրի վարչարարություն իրականացնող մարմինների ուշադրությունը պատշաճ վարչարարության իրականացման վրա՝ ավելացնելով նրանց զգոնության աստիճանը։