Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում անցկացրել է ծավալուն միջոցառումներ

2025 թվականի ընթացքում ՆԳՆ Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացրել է ծավալուն  միջոցառումներ, որոնց նպատակը ոչ միայն փրկարարների օպերատիվ-տակտիկական կարողությունները զարգացնելն ու մասնագիտական որակները բարձրացնելն էր, այլև արտակարգ իրավիճակներում քաղաքացիների իրազեկվածությունն ու գործնական հմտությունները կատարելագործելն էր:

Ընթացիկ տարում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից մայրաքաղաքում ու մարզերում  անցկացվել են 1025 հատուկ տակտիկական, ցուցադրական հատուկ տակտիկական, շտաբային, հրամանատարաշտաբային, օբյեկտային և համալիր ուսումնավարժություններ: Յուրաքանչյուր ուսումնավարժություն ծառայել է որպես կարևոր գործիք՝ մասնագիտական կարողությունները զարգացնելու, գործողությունների համակարգվածությունը և ուժերի փոխգործակցությունը կատարելագործելու համար։

Միաժամանակ անցկացվել է 2779 դասախոսություն, սեմինար և գործնական պարապմունք, որոնց ժամանակ փրկարարական ծառայողները հանդես են եկել որպես ոլորտի մասնագետ-բանախոսներ։ 

Վարժանքներում և դասընթացներում ընդգրկվել են տարբեր արտակարգ իրավիճակների վերաբերյալ թեմաներ՝ ուժեղ երկրաշարժեր, անտառային հրդեհներ, սողանքներ, համաճարակներ, հեղեղումներ, ինչպես նաև դրանցից  հետո իրականացվող անհրաժեշտ պաշտպանական գործողություններ։ Ներառվել են նաև ռազմական վտանգի, ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման, հակառակորդի հանկարծակի հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումների իրականացման, «օդային տագնապ» ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոնների, բարձրությունների վրա հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների առանձնահատկությունների և ոլորտին առնչվող մի շարք այլ թեմաներ: 

Ուշադրության կենտրոնում պահելով հանրային իրազեկվածության և բնակչության պատրաստվածության կարևորությունը՝ մի շարք բնակավայրերում, հանգստյան գոտիներում և մարդաշատ վայրերում իրականացվել են նաև իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում բաժանվել են թեմատիկ բուկլետներ, գրքույկներ, հուշաթերթիկներ:

Բազմաբովանդակ միջոցառումներն ամրապնդել են ծառայության օպերատիվությունն ու ստորաբաժանումների համակարգվածությունը, ապահովել արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և նպատակային արձագանք, կատարելագործել ուժերի փոխգործակցությունը:
Նման միջոցառումները ոչ միայն բարձրացնում են հասարակության ընդհանուր անվտանգության մակարդակը, այլև ձևավորում են գիտակից, պատասխանատու և պատրաստված քաղաքացի, ով կարող է պատշաճ կերպով արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի կամ մարտահրավերի։

Փրկարար ծառայությունը պատրաստ է շարունակաբար նախաձեռնելու և կազմակերպելու բնակչության պաշտպանվածությանն ու անվտանգությանը խթանող վարժանքներ, դասընթացներ, գործնական պարապմունքներ, որոնց մասնակցելու համար կարող է դիմել ցանկացած կազմակերպություն, գերատեսչություն, կրթական հաստատություն:

Leave a Comment