Դեկտեմբերի 10-ին Երևանի քրեական դատարան քրեական գործ է մուտքագրվել՝ խաբեության միջոցով մի խումբ անձանցից գումար հափշտակելու մեղադրանքով։ Գործը մակագրվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Հ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հ․Ս․-ի, Խ․Պ․-ի, Ս․Գ․-ի, Մ․Բ․-ի համար և Հ․Ս․-ի պատվերով ԱՄՆ-ից խաղարկությամբ թվով հինգ տարբեր մակնիշի և տարբեր արժողության ավտոմեքենաներ ձեռք բերելու պատրվակով, խաբեությամբ և վերջիններիս վստահությունը չարաշահելու եղանակով, նախնական մեկ միասնական դիտավորությամբ վերջիններիցս մաս-մաս ստացել և խարդախությամբ հափշտակել է ավտոմեքենաների ձեռք բերման և փոխադրման համար նախատեսված, առանձնապես խոշոր չափերի’ 6.066.621 ՀՀ դրամ գումարին համարժեք 12.740 ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, Հ․Ա․-նը, շարունակելով մեկ միասնական դիատավորությամբ խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու իր հանցավոր մտադրությունը, Ա․Ե․-ի համար կրկին ԱՄՆ-ից խաղարկությամբ ավտոմեքենա ձեռք բերելու պատրվակով, նախնական մեկ միասնական դիտավորությամբ, մաս-մաս վերջինիցս ստացել է ավտոմեքենայի խաղարկության և ներկրման գումարները և խարդախությամբ հափշտակել 3.000 ԱՄՆ դոլար գումար և 98.000 ՌԴ ռուբլի գումար, որի արդյունքում վերջինիս պատճառել է ընդհանուր խոշոր չափերի’ 2.155.550 ՀՀ դրամի գումարին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումարի և 98.000 ՌԴ ռուբլի գումարի չափով գույքային վնաս:
Հ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածով՝
1․ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրք/,
2․ ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգիրք/։
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: