Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 5-րդ բրոնզե մեդալն է նվաճել աշխարհի առաջնություններում:
Դուբայում անցկացվող աշխարհի առաջնությունում Բաչկովը 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում մենամարտել է Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Կուլի հետ և պարտվել 2:5 հաշվով:
Բոլոր երեք ռաունդներում Բաչկովը վստահ մենամարտ է վարել, գրոհներով և հակագրոհներով պրեսինգի ենթարկել մրցակցին, բայց մրցավարները առավելությունը տվել են ռուս մրցակցին:
Մենամարտի ավարտին Հովհաննես Բաչկովը չի թաքցրել վրդովմունքը, նա ռինգից հեռանալիս հանել է բրոնզե մեդալը պարանոցից:
Այս առաջնությունում Բաչկովը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեին: 1/8 եզրափակչում Բաչկովը 5:0 հաշվով առավելության էր հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովի նկատմամբ: Քառորդ եզրափակչում նա 5:0 հաշվով պարտության էր մատնել Բելառուսը ներկայացնող Վադիմ Վաուչոկին:
Նախորդ անգամ Հովհաննես Բաչկովը Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի մասնակցել էր 2023 թ-ի. մայիսին Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել էր իր 4-րդ բրոնզե մեդալը: Հայաստանի հավաքականի ավագը աշխարհի առաջնություններում բրոնզե մեդալներ է նվաճել նաև 2017 թ. 2019թ. և 2021 թվականներին: