11 դեկտեմբերի 2025 – 17:03 AMT
PanARMENIAN.Net – Արցախի ներկայացուցչությունում խուզարկության ընթացքում առգրավել են համակարգիչներ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Մեզ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ ամեն ինչ կապված է երեկվա լսումների հետ, սա մեսիջ էր, որը ստանում ենք այսօրվա իշխանություններից։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Արցախի էջը չի կարող փակված լինել՝ առանց հաշվի առնելու 150,000 հայի դիրքորոշում»,- նշել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախի ներկայացուցչությունում իրականացվող խուզարկությունը 2 հիմնական պատճառ ունի։
«Առաջինը երեկ Արցախի խորհրդարանն արցախցիների վերադարձի հնարավոր ճանապարհների մասին լսումներ էր կազմակերպել։ Բավականին ներկայացուցչական և բովանդակային քննարկումներ են եղել, և, բնականաբար, դա որևէ ձև իշխանության համար ընկալելի չէր լինի։ Մյուսը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություն էր, որով նա արցախցիների իրենց բնօրրան վերադարձը բերեց, հավասարեցրեց «Արևմտյան Ադրբեջան» տերմինաբանությանը, ինչն անհեթեթ և արհեստական ստեղծված խոսույթ է»,–ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ ՀՀ իշխանությունը փորձում է Ադրբեջանի քիմքին հաճելի գործողություն իրականացնել ցույց տալու համար, որ թույլ չի տալու արցախցիների վերադարձին ուղղված գործողություն։
Քննչական կոմիտեն քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ է իրականացնում Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքում։Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ այլ մանրամասներ չհաղորդելով, հայտնում է Արմենպրեսը։
ՀՀ քննչական կոմիտեն արդեն մի քանի ժամ է խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում։ Տեղում ավելի քան 10 քննիչ է աշխատում։