Ներքին գործերի նախարարության կազմում կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներին:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծում՝ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեության դադարեցմամբ։

Նշված ծառայությունների մասնագիտական ուժերի օպտիմալացման արդյունքում տարբեր իրավախախտումների, արտակարգ իրավիճակների և պատահարների վերաբերյալ ահազանգերը քաղաքացիներից կընդունվեն և կսպասարկվեն միատեսակ մոտեցմամբ՝ նպաստելով ահազանգերին արձագանքման ժամանակի կրճատմանը և արդյունավետության բարձրացմանը։

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում կստեղծվի մեկ միասնական օպերատիվ կառավարման գրասենյակ, ճգնաժամային արձագանքման համակարգը բնակչության համար կդառնա առավել հասկանալի, պարզ, արագ և արդյունավետ՝ օգնություն տրամադրելու հարցում, կբարելավվի միջգերատեսչական համագործակցությունը, ինչպես նաև՝ արձագանքման համար պատասխանատու պետական մարմինների աշխատանքի որակի բարձրացման և պետության ռեսուրսների խնայողության համար կստեղծվի կանչերի ընդունման, արձագանքման, դրանց մշակման և համակարգի կառավարման արդյունավետ մոդել։

Նախարարությունը պատասխանատու է լինելու ոլորտում ընդհանուր քաղաքականության մշակման, գրասենյակը՝ ճգնաժամային իրավիճակների կառավարման, Փրկարար ծառայությունը՝ արտակարգ իրավիճակներում փրկարար ուժերի արձագանքի իրականացման համար, իսկ Ոստիկանությունը՝ իրավախախտման կամ պատահարի արձագանքման համար:

Նոր գրասենյակի վերջնական ձևավորումը տեղի կունենա երկու փուլերով։

Ահազանգերի ընդունման համար կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն երկու մարմինների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության հեռախոսահամարները («1-02», «1-01», «911»)։

Leave a Comment