ՅՈՒՆԵՍԿՕ-ն իտալական խոհանոցը ներառել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ շեշտադրելով ոչ թե առանձին ուտեստները, այլ իտալացիների խոհարարական ավանդույթների, սննդի հետ կապված սովորույթների և կյանքի մշակույթի արժեքը։ Կազմակերպությունը նշել է, որ իտալական խոհանոցը կարևոր մաս է կազմում ազգային ինքնության և սոցիալական կյանքի։
Այս մասին տեղեկացնում է Դոյչե Վելլեն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ողջունել է որոշումը՝ այն գնահատելով որպես իտալացիների ազգային ինքնության կարևոր ճանաչում։ «Մեզ՝ իտալացիներիս համար խոհանոցը պարզապես ուտելիք կամ բաղադրատոմսերի հավաքածու չէ։ Դա շատ ավելին է՝ մշակույթ, ավանդույթ, աշխատանք, հարստություն», – նշել է նա։
Իտալական խոհարարական ավանդույթները առանձնանում են մեծ բազմազանությամբ․ գրեթե յուրաքանչյուր տարածաշրջան իր առանձնահատուկ ուտեստներն ու նույնիսկ պաստայի տեսակներն ունի։ Հիշեցնենք, որ 2017 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական ժառանգության ցուցակում ներառել է նաև «նեապոլիտան պիցցայոլների արվեստը». ըստ լեգենդի՝ առաջին պիցցան պատրաստվել է Նեապոլում 1889 թվականին։