ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապվող «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն կազատվի 109,6 մլն դրամ (մոտ 288 000 դոլար) մաքսատուրքից։
Էկոնոմիկայի նախարարության նախագծում նշվում է, որ մաքսատուրքից ազատելու արտոնությունն ընկերությանը տրամադրվում է ներդրումային ծրագրի համար ներմուծվելիք տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղադրիչների, հումքի ու նյութերի համար։
Նշվում է, որ ընկերությունը ներդրումային ծրագիրն իրականացնելու է Երևանում․ նախատեսվում է 1,3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և մինչև 2026 թվականը 50 նոր աշխատատեղի ստեղծում՝ 153 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նախագծում հավելել են, որ ընկերությունը ներմուծվող հումքը կիրառելու է հագուստի արտադրությունում։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ արտոնությունը խթանելու է ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, տեղական արտադրության աճը և արտահանման ընդլայնումը։ Նախարարությունից ընդգծել են, որ նախագծի ընդունումը բյուջետային լրացուցիչ ծախս չի առաջացնում։
