Լուսինե Խաչատրյանի գրկում 9 օրական Ալբերտինան է՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից անհայտ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը։ Նա մեզ ուղեկցում է իր ննջասենյակ, որտեղ նորածին աղջկա՝ Ալբերտինայի իրերն են։ Դարակներում խնամքով դասավորված են վարդագույն հագուստները։ «Ես ու ամուսինս Ալբերտինային շատ երկար ենք սպասել։ Երբեմն մտածում եմ՝ ինչ կզգար Ալբերտը, եթե իմանար, որ վերջապես երեխա ենք ունեցել»,- ասում է Լուսինեն։
Լուսինեն և Ալբերտը ապրում էին Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում։ Լուսինեն աշխատում էր տեղի դպրոցում։ Երկար տարիներ ամուսինները փորձել են երեխա ունենալ, բայց չի հաջողվել։ Պարբերաբար եկել են Հայաստան, բուժում անցել։ Այդ տարիներին բժիշկները Լուսինեի և Ալբերտի համար սաղմեր էին ստեղծել ու պահել սառեցված՝ այն օրվա համար, երբ Լուսինեն պատրաստ կլիներ շարունակել բուժումը։
Ամուսնու անհետանալուց երկու տարի անց Լուսինեն վերսկսել է բուժումը։ Բժիշկները կիրառել են զույգի՝ տարիներ առաջ սառեցված սաղմերը։ Մի քանի փորձերից հետո վերջապես հաջողություն է գրանցվել․ Լուսինեն հղիացել է։

Լուսինեն՝ հղիության վերջին ամսում, ամուսնու և իր լուսանկարը ձեռքին
Լուսինեի ամուսինը՝ 39-ամյա Ալբերտ Ավետիսյանը, և եղբայրը՝ Մարատը, անհայտ կորած են համարվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից։ Ընտանիքը հարազատների գտնվելու վայրից այս տարիների ընթացքում տեղյակ չէ։ Չգիտեն՝ գերի են, թե ոչ։ Վերջին անգամ զինընկերներն են տեսել Ալբերտին և Մարատին՝ մարտական դիրքում։ Ընտանիքը կցկտուր պատմություններ է հավաքել անհետացման մասին։ Լուսինեն ասում է՝ ապրում են անորոշության մեջ, չիմանալով անգամ՝ ո՞ղջ են, թե՞ ոչ։
Լուսինեն այսօր էլ հիշում է 2023 թվականի սեպտեմբերի այդ առավոտվա մանրամասները։ Ամուսնու զանգն ստանալուն պես հասկացել է՝ նորից պատերազմ է, և Ալբերտը պետք է դիրքերում լինի. «Առավոտյան ժամը 11-ից դպրոցում տագնապ սկսվեց։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում կապվել Ալբերտի հետ։ Քույրս մեր տանն էր այդ ժամանակ, ինքը կարողանում է խոսել։ Ալբերտն ասել է՝ չվախենաք, պատերազմ է սկսվում։ Մոտավորապես ժամը 1-ին պատերազմը սկսվում է, կրակոցները չեն դադարում մինչև ժամը 5-ը։ Մեր դիմացի հարևանի տունը հողին հավասարեցրին։ Նույն ժամին Մարատն էլ խոսել է կնոջ հետ ու ասել, որ պատերազմ է, ապահով տեղ գնան»։
Լուսինեին ու հղիության վերջին եռամսյակում գտնվող քրոջն ու զարմիկին գյուղից տարհանում է հարևանը։ «Ես անընդհատ մտածում էի Ալբերտի մասին։ Ոչ իրենից լուր ունեի, ոչ էլ հորաքրոջ տղայից՝ Մարատից։ Միասին էին։ Մեր հարևանը եկավ ու ասաց, որ ձայները մոտենում են գյուղին։ Էս մի բան էր նշանակում. թշնամին վերցրել էր մեր դիրքը, և հնարավոր է՝ որևէ մեկը ողջ չէր մնացել։ Ինձ թվում էր, որ ամուսնուս հետ որևէ բան էր պատահել»,- հիշում է նա։
Տանից դուրս գալուց առաջ Լուսինեն հասցրել է իր հետ վերցրել մի քանի լուսանկար ու ամուսնու տաք բաճկոնը, որն այժմ ինքն է հագնում. «Ես փորփրում էի մեր լուսանկարների ալբոմը, հանում էի այն լուսանկարները, որոնցում Ալբերտն էր, ասես իր հիշատակն էի ուզում տանել ինձ հետ»։

Լուսինեն թերթում է իր հետ բերած լուսանկարները
Արդեն Ստեփանակերտում Լուսինեն փորձում է որևէ տեղեկություն ստանալ ամուսնուց ու եղբորից։ Ալբերտից ու Մարատից որևէ լուրի հույսով մնում են մինչև սեպտեմբերի 29-ը։ Այդ ընթացքում նա գնում է Կարմիր խաչի գրասենյակ, կապվում Ալբերտի գումարտակի հրամանատարի հետ. «Իր հրամանատարը ինձ ասում է՝ Ալբերտը կամ գերի է ընկել, կամ սպանվել է, որովհետև այդ տարածքն ինքն անգիր գիտեր, եթե դուրս չի եկել, ուրեմն մի բան է պատահել։ Ալբերտենց դիրքը Սզնեք ու Կարմիր գյուղերի մեջտեղում էր, մի քանի անգամ այնտեղ որոնողական աշխատանքներ են կատարել, ո՛չ Ալբերտից, ո՛չ Մարատից հետք չեն գտել»։
Պատերազմը սկսվելու մանրամասները Լուսինեին պատմել են ամուսնու մարտական ընկերները, որոնք եղել են նույն դիրքում. «Ինձ ասել են, որ Ալբերտն ու Մարատը խրամատում էին, մյուս չորս զինվորները՝ հակատանկային ապաստարանում (блиндаж)։ Ալբերտը գնացել է նրանց մոտ, ասել, որ պետք է դուրս գան, քանի որ թշնամին մոտենում է։ Ալբերտի դուրս գալու պահին պայթյուն է որոտացել։ Ասում են՝ չորսով մնացել են հողի տակ։ Ձայներ են լսել, տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները կանգնել թմբի վրա, որի տակ էին։ Պատմում են, որ այդպես մնացել են մինչև ուշ երեկո, երբ ադրբեջանցիներն արդեն գնացել են, դուրս են եկել ու Կարմիր գյուղով մի կերպ հասել Ստեփանակերտ։ Չեն փնտրել Ալբերտին ու Մարատին, մտածել են՝ թողել են իրենց, միայն հետո են հասկացել, որ նրանք կամ գերեվարվել են, կամ սպանվել։ Այլ մանրամասներ ինձ չեն պատմել»։

Լուսինեն և Ալբերտը
Ամուսնու և եղբոր անհայտ կորելուց հետո Լուսինեն դիմել է այդ հարցերով զբաղվող բոլոր կազմակերպություններին։ Ալբերտի և եղբոր անունները անհայտ կորածների ցուցակում են, ադրբեջանական կողմը մինչև հիմա որևէ լուր չի հայտնել նրա և Մարատի մասին. «Ամեն բան փորձել ենք, անգամ միջազգային դատարան ենք դիմել, բայց ապարդյուն։

Մարատը՝ երեխաների հետ
Տեսնես ի՞նչ կզգար Ալբերտը, եթե իմանար, որ հայր է դարձել
Լուսինեն ու Ալբերտն ամուսնանալուց հետո մեկ երազանք ունեին՝ լույս աշխարհ բերել իրենց սիրո պտուղը, սակայն 15 տարի բոլոր փորձերը անհաջողության էին մատնվում։ Ամուսինները պարբերաբար Հայաստան էին գալիս ու անցնում բուժման կուրսեր։

Շրջափակումը սկսվելուց մի քանի օր առաջ ամուսինները լսում են սպասված լուրը՝ ամեն բան պատրաստ էր արտամարմնային բեղմնավորման համար, մնում էր սաղմի տեղադրումը, սակայն պլանները հետաձգվում են՝ շրջափակման պատճառով։
«44-օրյայից հետո մենք վերջնական որոշեցինք, որ պետք է արտամարմնային բեղմնավորում կատարենք և սկսեցինք բուժման նոր ընթացքը։ Յուրաքանչյուր հետազոտությունը մի քանի ամիս էր պահանջում, մեզ մոտ որոշ բարդություններ կային։ Վերջապես, մենք դեկտեմբերի 8-ին պետք է գնայինք տեղադրման, բայց մեզ մոտ գործեր առաջացան, ստիպված եղանք մի քանի օր հետաձգել, ու սկսվեց շրջափակումը»։
Լուսինեն՝ Ալբերտինայի հետ

Ամուսնու անհետ կորելուց ու Հայաստան տեղափոխվելուց մեկ տարի անց՝ 2024-ի մարտին, Լուսինեն որոշում է կատարել սաղմի տեղադրումը, սակայն փորձն անհաջող էր։ Ասում է՝ հիվանդանոցից զանգում էին, ասում, որ ամեն բան պատրաստ է, բայց ինքը դեռ պատրաստ չէր. «Ես հասկացա, որ երբեք հոգեբանորեն պատրաստ չեմ լինի։ Ուստի մեկ տարի անց անցա տեղադրման վերջին փուլին՝ առանց Ալբերտի։ Ես գիտեի, որ ինքը դա կցանկանար։ Մի քանի սառեցված սաղմ ունեինք դեռ, փորձերից մեկն անհաջող էր, բայց ես հույսս չէի կորցնում»։
Սաղմի տեղադրման անհաջող փորձից մեկ տարի անց՝ 2025-ի մարտին, Լուսինեն կատարում է ևս մեկ տեղադրում, որը հաջողվում է, և հաստատվում է հղիությունը։ Երեխայի մասին լուրն իմանալուց հետ Լուսինեն որոշում է՝ երեխան պետք է կոչվի հոր անունով։ «Վերջին տեղադրման ժամանակ ներքին վստահություն ունեի, որ հաջողվելու է։ Երեխայի անունը ի սկզբանե որոշել էի․ եթե տղա լիներ, հենց Ալբերտ էի կնքելու, բայց քանի որ դուստր պետք է ունենայի, որոշեցի կնքել Ալբերտինա անունով»,- ասում է Լուսինեն։
Ալբերտինան

Լուսինեն բավական ծանր հղիության շրջան է տարել։ Փոքրիկ Ալբերտինան լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 1-ին՝ կեսարյան հատմամբ։ Այս տարիների ընթացքում Լուսինեն մտածել է՝ ի՛նչ կզգար ամուսինը, երբ իմանար, որ իրենց մոտ վերջապես հաջողվել է։ Ամուսնու մասին նա անցյալով չի խոսում։ Երեխայի լույս աշխարհ գալուց հետո Ալբերտի ներկայությունն ավելի քան զգում է։ Ընտանիքում հաճախ են հիշում թե՛ Ալբերտին, թե՛ Մարատին։ Ամեն տարի՝ տղաների ծննդյան օրը, բոլորը հավաքվում են՝ առաջվա պես՝ օգոստոսի 22-ին՝ Ալբերտի համար, հունիսի 20-ին՝ Մարատի։
Լուսինեն ասում է՝ լավ է ճանաչում թե ամուսնուն, թե եղբորը, անհնար է, որ զոհված լինեն։ Ապրում են՝ հույսը սրտում, որ կրկին տեսնվելու են։
Շուշանիկ Փափազյան