11 դեկտեմբերի 2025 – 11:13 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ զրույցում ամփոփել է Գերմանիա իր այցի արդյունքները՝ ներկայացնելով հայ-գերմանական տնտեսական համագործակցության հեռանկարներն ու ընթացիկ զարգացումները։
Նա հայտնել է, որ Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու հարցով, հայտնում է Արմենպրեսը։
«Նրանք այսօր էլ վերահաստատեցին, որ այդ հետաքրքրությունն առավելևս հիմա՝ տարածաշրջանային պայմաններում, ավելի է ակտիվացել»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նա ընդգծել է, որ Եվրոպական Միությունը նախատեսում է զարգացնել ուղիներ՝ Կենտրոնական Ասիայից և Հարավային Կովկասից դեպի իր տարածք կանաչ ջրածնի արտահանման նպատակով։
«Մենք այցի արդյունքներով հասկացանք, որ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք այս ոլորտին։ Լավ լուրն այն է, որ դեռ նախորդ տարի կամ, գուցե, մի քիչ էլ առաջ, ես կանաչ ջրածնի արտադրության հարցերն ուսումնասիրելու հարցով աշխատանքային խումբ եմ ստեղծել։ Իմ նախորդ այցից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ խումբը գերմանական «Ֆիխտներ» ընկերության հետ համագործակցություն է ծավալելու։
Գիտեք նաև, որ Հայաստանում հիմա արևային էներգետիկան շատ լուրջ զարգացում է ապրել։ Հիմա արևային կայանները իրենց հզորությամբ եռակի անգամ ավելի են մեր ատոմակայանից։ Բայց շատ կարևոր է, որ մենք նաև կուտակիչ կայաններ ստեղծելու հնարավորություն ունենանք, որովհետև արևային էներգիան լավ է, բայց գիշերն արև չկա, հարկավոր է արևային էներգիան ցերեկը կուտակել՝ գիշերն օգտագործելու համար, ինչը շատ մեծ հեռանկարներ է բացում մեր երկրի էներգետիկ անկախությունը ապահովելու համար»,- մանրամասնել է Փաշինյանը։
Նա հայտնել է նաև, որ այցի ընթացքում քննարկումներ են անցկացվել «Թրամփի ուղի» ծրագրի շուրջ, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններում բացվող տնտեսական հեռանկարների մասին։ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ գնացքներ են անցնում Ադրբեջանի տարածքով՝ Հայաստան։
«Քննարկել ենք այն, որ մենք սպասում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման ուղղությամբ աշխատանքներն արդյունախագծերինք կտան»,- ասել է Փաշինյանը։
Գյումրիում «չոր նավահանգիստ» նախագծի մասին հայտարարվել է դեռ 2021–ին։ 2023–ին MTBS հոլանդական ընկերությունը պատրաստել էր «չոր նավահանգստի» տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, 2024 թվականին Ներդրումային կոմիտեն հավանություն տվեց նախագծին, շինարարությունը նախատեսվում էր սկսել 2024 թ․ երկրորդ կեսին, սակայն մինչ օրս ոչ մի բան արված չէ։