ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ առաջիկայում պետք է մշակվի եկեղեցու նոր կանոնագիրք, և տեղապահի հարցը վերջնական լուծում ստանա, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղոում անելով իր աղբյուրներին։
Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցում անհրաժեշտ են իրական բարենորոգումներ, որպեսզի ապագայում չպարզվի, թե դեռ կան թևեր, որոնք աջակցում են նախկին նախագահներին։
Թերթը տեղեկացրել է, որ Փաշինյանը հատկապես չի ներում Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարությունն՝ ի պաշտպանություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորել են՝ Մարտի 1-ի սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակում:
Փաշինյանը չի ներելու նաև, որ կաթողիկոսը թույլ է տվել՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքական ուժեր ձևավորի ու առաջնորդի 2024 թվականի գարնանը: Առաջիկայում ավելի ուժեղ ռեպրեսիաներ են լինելու եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, գրել է թերթը: Լրատվականի տեղեկությամբ՝ Մայր Աթոռում էլ որոշել են, որ հոգևորականներն ու եպիսկոպոսները տևական ժամանակ որևէ հայտարարությամբ հանդես չեն գա, մինչև կհասկանան իրենց անելիքները։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։
