Ջեռուցումը՝ արևի հաշվին. ինչ փոփոխություններ են սպասվում արևային համակարգերի շուկայում

Ջեռուցումը՝ արևի հաշվին. ինչ փոփոխություններ են սպասվում արևային համակարգերի շուկայում

Հայաստանում շուրջ 45 հազար ընտանիք ձմռանը այլևս ստիպված չէ ավելացնել կոմունալ ծախսերը․ գազի կամ էլեկտրաէներգիայի միջոցով տաքացնելու փոխարեն նրանք բնակարանը ջեռուցում են արևի հաշվին։ Ամռան ամիսներին ինքնավար կայաններով արտադրված հոսանքը կուտակվել է, իսկ այժմ սպառվում է՝ առանց հավելյալ վճարի։

Այս հնարավորությունը լայնորեն տարածվեց պետական աջակցության շնորհիվ․ կառավարությունը 2022 թվականից մինչև այս տարվա հունակը սուբսիդավորեց արևային համակարգերի տեղադրումը, ինչի արդյունքում հազարավոր ընտանիքներ ու բիզնեսներ կարողացան անցնել վերականգնվող էներգիայի։

Արդյունքները՝  կանխատեսումները գերազանցվել են
ՀՀ ՏԿԵՆ էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանի խոսքով՝ սուբսիդավորման ծրագրից օգտվել է 34 հազար շահառու, մինչդեռ ծրագրի մեկնարկին կանխատեսվում էր առավելագույնը 2 000։

«40 մլն դրամ սուբսիդիա է հատկացվել։ Բնակչության և բիզնեսի հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ոլորտում գերակատարում ունենք․ 2030 թվականի համար նախատեսված 1 000 ՄՎտ արևային հզորության թիրախն արդեն ապահովված է»,— նշում է նա։

Արագ աճող ոլորտը, սակայն, առաջ է բերել նաև էներգետիկ ցանցի կառավարման բարդություններ, որոնց լուծման համար պետությունը սկսել է կիրառել սահմանափակող մեխանիզմներ։

Փոփոխություն «Էներգետիկայի մասին» օրենքում․ տարեկան փոխհոսքից՝ ամսականին
Կառավարությունը առաջարկում է անցնել տարեկան փոխհոսքերի մոդելից՝ «ամսում արտադրածը պետք է սպառվի տվյալ ամսում» սկզբունքին։ Սակայն արդեն տեղադրված համակարգերի համար պահպանվելու են անցումային արտոնություններ․

Մինչև 30.04.2022 տեղադրված կայաններ – տարեկան հաշվարկ մինչև 01.05.2030

01.05.2022 – 30.04.2023 – մինչև 01.05.2031

01.05.2023 – 30.04.2024 – մինչև 01.05.2032

01.05.2024 – 30.04.2025 – մինչև 01.05.2033

01.05.2025 – 30.04.2026 – մինչև 01.05.2034

Սակայն 01.05.2026-ից հետո կնքվող նոր պայմանագրերի համար փոխհոսքերը կդառնան ամսական, ինչը, ըստ բնակչության գնահատականի՝ ջեռուցման նպատակով արևային կայան տեղադրելու շահավետությունը կնվազեցնի։

Տարեկան մոդելի պահպանում՝ անտառամերձ համայնքների համար. մասնավորի առաջարկը
Որպեսզի ոլորտի աճը դանդաղ չգա, արևային համակարգերի շուկայում գործող ընկերություններից մեկը՝ «ԷկոՎիլ»-ը, պետությանն առաջարկում է խնդիրը լուծել էներգետիկ կուտակիչների ներդրմամբ։ Քննարկվում է նաև բացառության կարգով տարեկան փոխհոսքերի  տարբերակը  պահպանել անտառամերձ բնակավայրերի համար։

«ԷկոՎիլ»-ի փոխտնօրեն Էմիլ Ստեփանյանը նշում է․ «Այդ հատվածներում մարդիկ տները ջեռուցում են անտառից բերված կամ գնված փայտով։ Եթե պահպանվի պետական աջակցության ծրագիրն ու տարեկան փոխհոսքերը, դա խթան կդառնա արևային պանելներով ջեռուցման անցնելու համար։ Եվ պետությունն էլ կշահի․ անտառը չի հատվի, մթնոլորտը չի աղտոտվի»։

Ժամկետները սուղ են․ ընկերությունները հորդորում են չսպասել
Արդյո՞ք պետությունը կընդունի մասնավորի առաջարկները՝ պարզ կլինի առաջիկայում։

Բայց որպեսզի շահավետ տարեկան փոխհոսքերի իրավունքը չկորի, ընկերությունները հորդորում են մինչև 2026-ի մայիսը հասցնել կայանի տեղադրումն ու ՀԷՑ-ի հետ պայմանագրի կնքումը։

Վիճակագրություն
Հայաստանում գործող մոտ 45 000 ինքնավար արևային համակարգերի 83%-ը մարզերում է։ Ամենաշատ տեղադրումները գրանցված են Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերում՝ նույնիսկ Երևանից ավելի։

Leave a Comment