10 դեկտեմբերի 2025 – 11:23 AMT
PanARMENIAN.Net – Թուրքական Arenol Group շինարարական ընկերության ղեկավար Թոլգա Շահինը, որը ներգրավված է եղել Արցախի տարածքում ադրբեջանցիների ծավակած շինարարությանը, դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ ընկերությունը հայտնվել է լուրջ ճնշումների տակ, իսկ սեփականությունն ու ակտիվները բռնագրավվել են։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում Շահինը ներկայացրել է դիմումը՝ ուղղված Էրդողանին, որտեղ ասում է․ «Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի»,–հայտնում է Factor.am-ը։
«Հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ղարաբաղում տարած հաղթանակից հետո մենք այն թուրքական ընկերություններից մեկն էինք, որոնք հրավիրվել էին՝ օգնելու Ղարաբաղի վերականգնմանը: Մենք Լաչինում և Քելբաջարում իրականացրեցինք 44 նախագիծ, այդ թվում՝ դպրոցներ, գործարաններ, հյուրանոցներ և զինվորական հանրակացարաններ: Նախագահ Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան անձամբ ներկա էին մեր կառուցած շինությունների բացման արարողություններին»,- ասվում է դիմումում:
Շահինը նշել է, որ բոլոր ակտիվներն իրենցից խլվել են և գրանցվել Լեյլա Ալիևայի անունով։
«Մենք իրավիճակի մասին զեկուցեցինք Թուրքիայի դեսպան Ջավիթ Բաղչիին: Նա պատասխանեց․ «Նրանք կփչացնեն իմ հեղինակությունը, հանգստացեք»: Պարո՛ն նախագահ, նրանք ներխուժել են մեր տուն՝ ձևանալով որպես կեղծ ոստիկաններ: Թուրք գործարարի տնից զենքեր են բռնագրավել: Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ: Մենք խնդրում ենք ձեր օգնությունը»,- ասվում է դիմումում:
Շահինի պնդմամբ՝ իրենք բազմիցս ահազանգել են տեղի զարգացումների մասին Թուրքիայի ներկայացուցիչներին, սակայն որևէ գործուն արձագանք չեն ստացել։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։