10 դեկտեմբերի 2025 – 11:10 AMT
PanARMENIAN.Net – Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը հափշտակվել է անհայտ անձանց կողմից, հայտնում է Մատենադարանը։
Մատենադարանը հորդորում է եկեղեցիներում և անհատների մոտ պահվող մատյաններն իր պահպանությանը հանձնել:
«Այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների կացարաններում և համայնքի եկեղեցական հաստատություններում առանց անվտանգային պատշաճ համակարգի և պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը։
Մատենադարանի տնօրենությունը հնարավոր բոլոր առիթներով հայտարարել է իր պատրաստակամությունը՝ եթե ոչ իբրև նվիրատվություն ընդունելու, ապա այդ մատյանները ժամանակավոր պահպանության առնելու վերաբերյալ:
Սույնով վերահաստատում ենք մեր հանձնառությունը և պատրաստ ենք մասնավոր կամ համայնքային պատկանելության ձեռագիր մատյանների պատշաճ պահպանության համար ի սպաս դնելու Մատենադարանի նյութական և մասնագիտական կարողությունները:
Երաշխավորում ենք, որ բոլոր մատյանները մուտք կգործեն Մատենադարանի պահոց՝ ըստ ժամանակավոր պահպանության նախապես ստորագրված պայմանագրի, որում կամրագրվեն սեփականատիրոջ իրավունքները և Մատենադարանի պարտավորությունները:
Ցավալի է, որ Մատենադարանի «Մատյանների տունդարձը» արշավին զուգահեռ, որի շնորհիվ աշխարհի տարբեր աճուրդներից և մասնավոր հավաքածուներից Հայաստան են վերադառնում մեր հոգևոր արժեքները, մեր իսկ երկրում կողոպտվում են և անհետանում հոգևոր պատմության նմուշները»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս ոլորտում Մատենադարանի հետ համագործակցությունը քաղաքացիական հասունության և պատասխանատվության ցուցիչ է: