ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Գերմանիայի Դաշնային Հանրապետության մեծարգո՛ դաշնային կանցլեր,
Հարգելի՛ ներկաներ,
Ուրախ եմ այսօր պաշտոնական այցով հյուրընկալվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար:
Այս այցը հիրավի պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց «Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի ստորագրմամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մեզ միավորող արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա։
Դաշնային կանցլեր Մերցի հետ գոհունակությամբ արձանագրեցինք վերջին տարիներին Հայաստան-Գերմանիա համագործակցության հետևողական զարգացումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության բնագավառներում։
Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացմանը, ինչը հերթական անգամ ամրապնդվեց հոկտեմբեր ամսին Բեռլինում կայացած Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների արդյունքներով։ Դաշնային կանցլերի հետ քննարկեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը: Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է Եվրոպական Միությունում՝ առաջինը, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմամբ:
Կարևորեցինք Գերմանիայի հետ ակտիվորեն զարգացող համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում: Այս առումով գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայկական կրթական նախաձեռնություններից ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները մեծ հաջողություն են գրանցում Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում՝ երիտասարդներին հնարավորություն տալով հրաշալի միջավայրում ստանալու տեխնոլոգիական կրթություն և գեներացնելու նորարարական գաղափարներ:
Դաշնային կանցլերի հետ հանգամանալից քննարկում ունեցանք միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Համակարծիք էինք, որ աննախադեպ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները բախվում են արագ տարածվող և հաճախ հիբրիդային բնույթ ունեցող սպառնալիքների հետ, միայն համախոհ երկրների՝ առավել համակարգված և արդյունավետ գործողությունների շնորհիվ կարող ենք ամրապնդել մեր հավաքական ժողովրդավարական դիմակայունությունը:
Իմ այցի օրակարգում կարևոր տեղ է հատկացված տնտեսական կապերի ստեղծմանը և ամրապնդմանը։ Այս առումով մեծ հույս ունեմ, որ Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված բարենպաստ միջավայրը նոր հետաքրքրություն կառաջացնի գերմանացի գործարարների շրջանում՝ մեր երկրում ներդրումներ անելու, ինչպես նաև հայաստանյան գործարարների հետ համագործակցությունն ակտիվացնելու համար։
Գործընկերոջս ներկայացրել եմ նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած շրջադարձային զարգացումները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին Գերմանիայի աջակցության համար:
Ներկայացրեցի նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորությունները և այդ առումով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև «TRIP ուղի» հաղորդակցության ծրագրի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Վստահ եմ, որ մեր այս նախագծերը կարևոր հանգույց կդառնան Միջին միջանցքի համար, որը Գերմանիայի համար նույնպես ունի մեծ կարևորություն։
Հարգելի՛ ներկաներ, մեծարգո՛ պարոն կանցլեր,
Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերն է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում: Այս առումով երկուստեք գոհունակությամբ արձանագրեցինք ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված զգալի առաջընթացը, ինչը վերահաստատում է ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ ամրապնդելու Եվրամիության հետ մեր բազմաոլորտ գործընկերությունը։
Հայաստանում նոր թափ հավաքող եվրաինտեգրման գործընթացի հիմքում Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներն ու ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն են, ինչն այս տարի մարտին նաև արտահայտվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունմամբ: Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Գերմանիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը՝ ակնկալելով շարունակական քաղաքական աջակցություն դեպի Եվրամիություն տանող բարդ և երկարատև ճանապարհին: Գործընկերոջս հրավիրեցի մասնակցելու հաջորդ տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և ուրախ եմ, որ պարոն կանցլերն արդեն ընդգծեց հաջորդ տարի Երևան այցելելու իր պլանների և հնարավորության մասին:
Ձե՛րդ գերազանցություն, մեծարգո պարոն Մերց,
Ամփոփելով՝ պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ բազմաոլորտ ընդգրկում ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք նոր լիցք և որակ հաղորդել մեր գործընկերությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների:
Շնորհակալություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: