Հրանտ Մաթևոսյանին նվիրված գիտաժողով՝ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում

Դեկտեմբերի 9-ին, ժամանակակից հայ գրականության ականավոր ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ, Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (ԻՆԱԼԿՈ) կայացել է գրողի գրական ժառանգությանը նվիրված գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։

«Հրանտ Մաթևոսյանի աշխարհընկալումը․ խոսք, խոհ և պատկեր» խորագրի ներքո անցկացվող այս գիտաժողովը նախաձեռնվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից՝ Լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի, «Եվրոպա–Եվրասիա» հետազոտական կենտրոնի (CREE), ԻՆԱԼԿՈ հիմնադրամի և «Հիշատակարան» ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

Բացման հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և ԻՆԱԼԿՈ-ի փոխնախագահ Ասեն Սլիմը։

Իր ողջույնի խոսքում դեսպան Խաչատրյանը կարևորել է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգության համամարդկային արժեքը՝ ընդգծելով, որ գրողի լեզվամտածողությունն ու աշխարհընկալումը շարունակում են ներշնչանքի աղբյուր հանդիսանալ նոր սերունդների համար։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԻՆԱԼԿՈ-ին և գործընկեր կառույցներին՝ հայ գրականությունն արժևորելու և միջազգային գիտակրթական հարթակներում ներկայացնելու կարևոր նախաձեռնության համար։

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը, Սորբոն Նուվել համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Ալեքսանդր Ստրոևը և այլ գիտնականներ։

Միջոցառման շրջանակում դեկտեմբերի 10-ին կկայանա Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Աշնան արև» ֆիլմի ցուցադրությունը։

Leave a Comment