9 դեկտեմբերի 2025 – 18:29 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Երևան է ժամանել ԵՄ կողմից իրականացվող Գործողությունների ծրագրի կատարողականի առաջին գնահատման առաքելությունը։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել առաքելության անդամների հետ։
Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ-ի, ԵՄ պատվիրակության, ԵՄ տարբեր հաստատությունների, ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։
Հանդիպման ընթացքում Արմեն Ղազարյանը նշել է, որ ոլորտային գերատեսչությունների հետ իրականացվող բազմակողմ քննարկումները կնպաստեն ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր ստանալուն։ Նա նաև ընդգծել է, որ մի շարք ռազմավարական փաստաթղթեր դեռևս մշակման փուլում են։
Հանդիպման մասնակիցները կարևորել են ընթացիկ գործընթացների որակը՝ շեշտադրելով, որ մշակվող փաստաթղթերը պետք է լինեն ամբողջական, իրատեսական և գործնական կիրառման համար նպատակահարմար՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ ընթացքը։
Առաքելության անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել ԵՄ-Հայաստան համագործակցության կառուցողական ոգին և ընդգծել են, որ այս փուլում առանցքային է օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների վերաբերելի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։
Արձանագրվել է, որ Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը նախապատրաստվելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։
Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության ներկայացուցիչները, Նելլի Դավթյանի գլխավորությամբ, այցելել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ հանդիպելու գերատեսչության ղեկավար կազմի հետ։
Նելլի Դավթյանը վստահեցրել է, որ ծառայությունը շարունակում է բազմակողմ և հետևողական քայլեր ձեռնարկել՝ ուղղված ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացմանը։
Նա ներկայացրել է ծրագրի համապատասխան կետերը՝ անդրադառնալով ոլորտային քաղաքականություններին, իրավական կարգավորումներին, նոր փաստաթղթերի մշակման ընթացքին, կենսաչափական տվյալների համակարգի ներդրմանը, անձնական տվյալների և իրավական ինքնության պաշտպանությանը, սահմանների համապարփակ կառավարմանը, ապաստանի տրամադրման մեխանիզմներին, ինչպես նաև միգրացիայի ամբողջական կառավարման գործընթացին։
Քննարկումն ընթացել է ակտիվ և փոխգործակցային մթնոլորտում։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունների ծրագիրը։
Փաստաթղթում ներկայացված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի անվտանգության, սահմանային վերահսկողության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում։