Հաստատում ենք մեր անմնացորդ հավատարմությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հայտարարությունը

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի նախաձեռնությամբ և Եզրաս սրբազանի օրհնությամբ՝ Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում տեղի է ունեցել թեմի հոգևորականների, թեմական խորհրդի, տարբեր քաղաքների ծխական խորհուրդների ատենապետերի ու ներկայացուցիչների ժողով, որի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն:

«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորներս, ծուխերի ատենապետերս և ներկայացուցիչներս՝ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելառուս և Մոլդովա, խորապես մտահոգված ենք և խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած հակասահմանադրական, հակաեկեղեցական, աստվածամերժ գործողությունները, հոգևորականների և եկեղեցասեր զավակների մտացածին մեղադրանքներով ապօրինի կալանավորումները:

Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ։

Հանուն պետականության պահպանման, ազգի միասնության, հավատքի և Եկեղեցու անսասանության, հաստատում ենք մեր անմնացորդ հավատարմությունը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:

Leave a Comment