Դեկտեմբերի 8-ին Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սեռական բռնության և սպանության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Տարոն Թադևոսյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Դ․Ժ․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 19-ի սահմաններում, Հ.Ս-ի կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա հետ: 2025 թվականի հոկտեմբերի 20-29-ն ընկած ժամանակահատվածում Հ.Ս.-ի կամքին հակառակ՝ ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան, պահանջել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն մերժում ստանալով՝ սպանության սպառնալիքներ է տվել նրան, որն իրականացնելու իրական վտանգ է եղել, այնուհետև բազմաթիվ հեռախոսազանգեր է կատարել տուժողին, սպառնացել անվանարկող տեղեկություններ տարածել նրա վերաբերյալ, որպիսի գործողությունները վախ ու անհանգստություն են առաջացրել Հ.Ս.-ի մոտ:
Դ․Ժ․Բ․-ին ըստ DataLex -ի մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ չորս հոդվածներով։
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք։
Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։