«Թրանսփարենսի ինթերնեշնլ»- ը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ կապակցությամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» 2003 թվականից  ավանդաբար անդրադառնում է աշխարհում եւ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին։

Այսօր տարածած հայտարարության մեջ ԹԻՀԿ-ն նշել է, որ 2025 թվականի սկզբին հրապարակված տվյալներով՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման Հայաստանի 2024 թվականի համաթիվը 2023 թվականի համեմատությամբ մնացել է անփոփոխ՝ 47 միավոր, ինչը ցույց է տալիս, որ վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել։

Հայաստանում վերջին տարիներին բարեփոխումների արդյունավետության պակասի մասին են վկայում ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարին, այլև հանրային կառավարմանն ու ժողովրդավարության օրակարգին առնչվող համարյա բոլոր միջազգային ցուցանիշները։ Ընդհանուր «լճացման» այս պատկերը հստակ ազդակ պետք է լինի իշխանություններին առ այն, որ նրանց կողմից վարվող քաղաքականության մեջ առկա են խնդիրներ, և որ հրատապ է դրանց վերհանումը, պատճառների վերլուծությունը և գործուն քայլերի ձեռնարկումը իրական ու մնայուն արդյունքներ գրանցելու և հանրության ակնկալիքները բավարարելու համար, ասված է հայտարարության մեջ։

«2025-ին հանրության ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը, անհամաչափ իրավական միջոցների կիրառումը, գաղտնալսումների և դրանց արտահոսքերի պրակտիկան, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերով, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով արդյունավետ դատավարությունների բացակայությունը»,- նշել է ԹԻՀԿ-ը։

Կենտրոնը մտահոգիչ է համարել նաեւ իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը։

«2026 թվականը վճռորոշ տարի է Հայաստանի համար: Նախատեսվում են խորհրդարանական, այնուհետև՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք լինելու են ժողովրդավարական կայացման կարևոր փորձառություն։ Մինչդեռ առկա են կարևորագույն հիմնախնդիրներ, որոնք ռիսկային են դարձնում ընտրությունների օրինականությունը և դրա վերաբերյալ ընկալումները»,- ասված է հայտարարության մեջ։

Հակակոռուպցիոն կենտրոնը մեծագույն մարտահրավեր է համարում կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը եւ իշխանության առաջնային առաքելությունն է համարում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպումը և օրինականության ապահովումը ինչպես բուն քվեարկության օրը, այնպես էլ նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում։

«Հայաստանի ժողովրդավարական ապագան պայմանավորված է նրանով, թե որքանով են ինստիտուտները և գործընթացները անկողմնակալ կերպով ծառայում հանրությանը, հանրային շահին: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելու համար իշխանությունները պետք է դրսևորեն ամուր քաղաքական կամք՝ ապահովելով օրենքի հավասար կիրառում բոլորի նկատմամբ՝ բացառելով ընտրողական արդարադատությունը, ամրապնդելով շահերի բախման կանխարգելման մեխանիզմները և ապահովելով դրանց լիարժեք կիրառությունը»,- նշված է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարության մեջ։

Leave a Comment