Դեկտեմբերի 5-ին Կապանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ զինակից ընկերոջ հետ մահճակալին քնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Հրաչ Դաջունցին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Ա․ Զ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ զորամասում որպես 4-րդ ՀԳՄ-ի 11-րդ ՀՎ-ի, 2-րդ ՀԴ-ի 2-րդ ՀՋ-ի գնդացրորդի օգնական, կոչումով՝ շարքային, 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության տակ գտնվող 40-րդ հրամանատարական դիտակետում, մահճակալին քնելու հարցի շուրջ վիճաբանել է նույն զորամասի 4-րդ ՀԳՄ-ի 11-րդ ՀՎ-ի, 2-րդ ՀԴ-ի 2-րդ ՀՋ-ի ՊԿ գնդացրորդ, կոչումով՝ շարքային Ա․Ա․Թ․-նի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ, 158-րդ և ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ պարտավոր լինելով բարձր պահել զինովորական ընկերասիրությունը, հարգել յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, հարգանք տածել միմյանց նկատմամբ, ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության պայմաններում, բռնություն է գործադրել Ա․Ա․Թ․-նի նկատմամբ՝ ձեռքով հարվածել է վերջինիս ձախ աչքի հատվածին՝ առողջությանը պատճառելով ձախ ստորակնակապճային ներսային կեսի արյունազեղման ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Ա․ Զ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 521 հոդվածի 1-ին մասով։
Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոն խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձին հարվածներ հասցնելով կամ նրա նկատմամբ բռնի այլ գործողություններ կատարելով կամ պարբերաբար նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով՝
Նախատեսված պատիժը՝
- կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ
- կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
- ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։