Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ կատարելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Արփինե Շտոյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքներ
Գ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2025 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:59-ին, սոցիալական կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «ԱԱԾ պետ Ա. Սիմոնյանը կմեկնի Բաքու» վերտառությամբ տեսանյութի ներքո նույն օրը ժամը 17:09-ին, քաղաքական հայացքներով պայմանավորված կատարել է «ՆԻԿՈԼԻՆ կախաղան» մեկնաբանությունը, այդ կերպ՝ զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով ՀՀ վարչապետի նկատմամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ:
Մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 330 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը կարգավորում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։
Մաս 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
3․ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝
Նախատեսված պատիժը՝
- տուգանք՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ
- հանրային աշխատանքներ՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ
- որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ
- ազատության սահմանափակմում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
- կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ
- ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։