8 դեկտեմբերի 2025 – 15:48 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որով վերջինս հանդես էր եկել առաջարկով՝ պատարագից առաջ հնչեցնել ՀՀ օրհներգը։
Նա չի բացառել, որ նման տրամաբանությամբ մի առավոտ էլ վարչապետը կարող «արթնանա, սրտիկ, ծաղիկ դնի և ասի, որ այլևս Սուպեր Սաքոյին է ուզում լսել», գրում է Panorama.am-ը։
«Կարո՞ղ է մի երկու պատարագ հետո ուզենա, այլ՝ իր սրտին մոտ երաժիշտների կամ երգիչների երգերը հնչեն։ Կարող է որոշի պատարագից առաջ Սուպեր Սաքոյի երաժշտությունը հնչի», – ասել է Դանիելյանը։
Դանիելյանն ասել է, որ իր համար արդեն զարմանալի չէ, որ ԱԱԾ-ն կամաց-կամաց վերածվում է ՆԿՎԴ-ի, որ արդեն գնում և քահանային հորդորում, խնդրում է։
«Դե գիտե՞ք չէ, ԱԱԾ-ի խնդրանքը որն է»,-ասել է Դանիելյանը՝ հիշեցնելով, որվ ԱԱԾ-ն գնում, խնդրում է որ կաթողիկոսի անունը զեղչեն, Արցախի անունը չտան։
«Հեգնում եմ, չեք հասկանո՞ւմ… Ինչպես կարող է ԱԱԾ աշխատողը գնա քահանային խնդրի։ Հարյուր անգամ ասել ենք, որ Սահմանադրությամբ էլ էս մարդն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, սա ուղիղ քրեական գործ է։ Էդ մարդն ինքն էլ խոստովանեց, որ ինքն է հորդորել ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ն էլ հորդորի քահանաներին… Հորդորի հորդոր է, էլի, հորդորում է, որ հորդորեն»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Նա հույս է հայտնել, որ Շիրակի թեմի հոգևորականները չեն հայտնվի ՔԿՀ-ում՝ Փաշինյանի հորդորը մերւժելու համար։
Փաշինյանը դեկտեմբերի 7–ին պատարագի է մասնակցել Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածնի՝ Յոթ Վերք եկեղեցում։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել էին պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ զեղչելով կաթողիկոսի անունը։ Ուժայինները կապարակնքել են եկեղեցին, իսկ ավելի ուշ Յոթ Վերքում պատարագը մատուցել է Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանը։
Նույն օրը նա գրառում է արել՝ նշելով, որ ճիշտ կլինի, որ բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագից առաջ կատարվի ՀՀ օրհներգը։ Դեկտեմբերի 8–ին այլ գրառմամբ նա նշել է, որ պետք է քննարկել ՀՀ տարածքում եկեղեցիների մուտքի մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը։ Նա հավելել է, որ սա մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։