Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը, եւ գոհունակությամբ ենք արձանագրում երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ, գործընկերային հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, որին մասնակցել է նաեւ բարեկամական խմբի անդամ Շիրակ Թորոսյանը:
«Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»,- ասել է Նարեկ Բաբայանը:
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ Նարեկ Բաբայանն ընդգծել է խորհրդարանական համագործակցության կարեւորությունը՝ նշելով, որ բարեկամական խմբերն օրենսդիր մարմինների միջեւ փոխըմբռնման ու փոխվստահության կարեւորագույն դերակատարում ունեն:
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Էսմաել Սիավաշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ: Նա համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխայցելություններն իրենց ուրույն դերակատարումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանում պարսկերեն լեզվի տարածմանն ու դասավանդմանն ուղղված բարենպաստ պայմաններ ապահովելու համար:
Նարեկ Բաբայանը բարձր է գնահատել Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հարգանքը: Էսմաել Սիավաշն էլ կարեւորել է Իրանում հայ համայնքի դերակատարությունը:
Շիրակ Թորոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Նա կարեւորել է Իրանի Մեջլիսի համապատասխան հանձնաժողովի հետ համագործակցության ակտիվացումը:
Անդրադարձ է կատարվել հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված ծրագրերին, Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Քննարկվել են նաեւ երկուստեք փոխայցեր կազմակերպելուն վերաբերող հարցեր: